Թուրքիայի Հաթայ նահանգում վերականգնվում է 2023 թվականի ավերիչ երկրաշարժից զգալի վնասներ կրած «Քառասուն մանուկ» հայկական եկեղեցին, որն ունի մոտ 150 տարվա պատմություն։
Եկեղեցին զգալիորեն վնասվել է 2023 թվականի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած 7.6-7.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով։ Այն կառուցվել է 1876 թվականին, հայտնում է Ermenihaber-ը:
«Քառասուն մանուկ» հայկական եկեղեցու հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Յուսուֆ Թաբաշը հայտարարել է, որ վերականգնման աշխատանքներն իրականացվելու են պետության հատկացրած 5 մլն լիրայի՝ մոտ 105 հազար դոլարի աջակցությամբ։ Երկրաշարժի հետևանքով վնասվել և ավերվել է եկեղեցու խորանի հատվածը։
Թաբաշը նաև ընդգծել է, որ այս շաբաթվա վերջից եկեղեցին ամբողջությամբ փակ է լինելու պատարագների անցկացման համար։
Վերականգնման աշխատանքների ընթացքում նախատեսվում է նորոգել եկեղեցու տանիքը, վերականգնել հատակը և լուծել առկա ջրահեռացման խնդիրը։ Վերակառուցվելու են խորանները, ինչպես նաև անհրաժեշտ աշխատանքներ են իրականացվելու նորոգման կարիք ունեցող պատերի արտաքին տեսքը վերականգնելու նպատակով։
Բացի այդ, նախատեսվում է վերականգնել եկեղեցուն կից կառույցներն ու խանութները, որոնք եկեղեցու համար եկամտի աղբյուր են ապահովում։





