AM
28 Փետրվար 2011 - 13:07 AMT

ՀՀ ԿԳՆ հանձնաժողովը քննարկել է ոչ պետական 24 բուհերի լիցենզիաների ստուգումների արդյունքները

Փետրվարի 24-ին կայացել է Հայաստանի կրթության և գիտության նախարարության կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամաններով ոչ պետական 24 բարձրագույն ուսումնական հաստատությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների պարտադիր պայմանների ու պահանջների պահպանման նպատակով իրականացված ստուգումների արդյունքները:

Հանձնաժողովի փակ գաղտնի քվեարկությամբ կայացված որոշման հիմքով ՀՀ կրթության և գիտության նախարարի համապատասխան հրամանով ամբողջովին կասեցվել են «Հայաստանի Ավետարանական Աստվածաբանական Ակադեմիա» հիմնադրամի, Հայաստանում «Գերմանական համալսարան» հիմնադրամի, «ՅՈՒ ԷՍ Ի ԷԼ» համալսարան» ՍՊԸ, Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարան» արտադրական կոոպերատիվի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիաների գործողությունը:

Բացի դրանից, Հանձնաժողովի որոշմամբ դադարեցվել է Երևանի «Ալաշկերտ» համալսարան» ՍՊԸ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով կրթական գործունեություն իրականացնելու լիցենզիայի գործողությունը:

Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել «Ռոսլին» արվեստի ինստիտուտ» և «Երևանի Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարան» ՍՊԸ-ների միացումը «Հայբուսակ» համալսարան» ՍՊԸ-ին` հիմք ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժնի 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 1 արձանագրությունը:

Մի շարք բուհերին տրվել է նախազգուշացում ստուգման արդյունքում արձանագրված շտկելի խախտումները վերացնելու և արդյունքների մասին հիմնավորող փաստաթղթեր ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնելու համար, հաղորդում է ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը: