ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ղեկավարությամբ այսօր Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը քննարկվեց մարզի 2011-2014թթ. զարգացման ծրագիրը:
Ներկայացվեցին այդ ժամանակահատվածում մարզում իրականացվելիք աշխատանքները, նախատեսվող ներդրումների ծավալները:
Արագածոտնում ևս փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց ձևավորել աշխատանքային խումբ` ՏԿ նախարարության հետ ծրագիրն ու 2011 թ. աշխատանքային պլանը լրամշակելու, ինչպես նաև ծրագրի նկատմամբ մոնիթորինգի մեխանիզմները նույնականացնելու համար:
Քննարկվեցին նաև համայնքային բյուջեների վերանայման հետ կապված հարցեր: Նման խնդիր կառաջանա այն համայնքներում, որոնց բյուջեների պլանային ցուցանիշները նախորդ տարվանից պակաս են սահմանվել, ինչպես նաև փաստաթղթերում ամբողջությամբ չեն արտացոլվել սեփական եկամուտների բազային ցուցանիշները, ապառքների հավաքագրումից նախատեսվող մուտքերը:
Ներկայացվեցին նաև 2011թ. առաջին երկու ամսվա ընթացքում համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Փոխվարչապետը մարզպետի ուշադրությունը հրավիրեց հատկապես հողի հարկի հավաքագրումների վրա` հորդորելով մշտական աշխատանքներ իրականացնել 2011թ. պլանավորած եկամուտների մակարդակի ապահովման ուղղությամբ: Անդրադարձ եղավ համայնքներում վարձակալության տրվող գյուղնշանակության հողամասերի ավելացման հարցին: Արագածոտնի մարզում 2010թ-ին վարձակալությամբ է տրվել ընդհանուր գյուղնշանակության հողերի 2,2 տոկոսը:
Փոխվարչապետն այս ցուցանիշը համարեց խիստ ցածր` նշելով, որ համայնքները կարող են լիարժեք օգտագործել համայնքային բյուջեն համալրելու այդ ռեսուրսը, հատկապես որ անցած տարի պարզեցվել են ընթացակարգերը:
Փոխվարչապետը մարզպետին հանձնարարեց մարտի վերջին Արագածոտնում կայանալիք ՀՀ կառավարության արտագնա նիստի նախապատրաստման աշխատանքներ իրականացնել:
Քննարկվեցին նաև գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին, ոռոգման նոր շրջանի կազմակերպմանը վերաբերող և մի շարք այլ հարցեր, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը:





