AM
2 Մարտ 2011 - 13:19 AMT

Հայաստանը մասնակցում է Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոնի աշխատանքներին

Փետրվարի 21-22-ին Իտալիայի Պեսկարա քաղաքում տեղի ունեցավ Ռելյատիվիստական Աստղաֆիզիկայի Միջազգային Կենտրոնի կառավառող կոմիտեի հերթական նիստը, որը քննարկեց մեկ տարվա աշխատանքնրի արդյունքներն ու ընթացիկ տարվա բյուջեն: Այդ կենտրոնը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում և կոմիտեի նիստին մասնակցում էր ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:Առավել կարևոր ձեռքբերումներից մեկը կապված էր եվրոպական համալսարաններում այդ կենտրոնի միջոցով տարբեր երկրներից եկած երիտասարդների հետհամալսարանական կրթության կազմակերպման, ինչպես նաև տարբեր երկրներում մի շարք գիտաժողովների կազմակերպման հետ: Որպես կարևոր ձեռքբերում նշվեց նաև այն, որ Իտալիայի խորհրդարանը միաձայն որոշում է կայացրել կենտրոնի միջազգային կարգավիճակը վավերացնելու մասին, դրանից բխող բոլոր առավելությունների տրամադրմամբ: Ինչպես հայտնի է Իտալիայի և Վատիկանի հետ միասին այդ կենտրոնի հիմնադիր անդամ է հանդիսանում Հայաստանը, իսկ հետագայում մասնակից երկրներին է միացել նաև Բրազիլիան: Ներկայումս աշխատանքներ են կատարվում Հայաստանի և Բրազիլիայի մասնաճյուղերի զարգացման համար: Ինչպես նշված է կառավարող կոմիտեի այս տարվա արձանագրության մեջ, Հայաստանի մասնաճյուղը ռազմավարական նշանակություն ունի Կենտրոնը Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի երկրների հետ կապելու համար: Կոմիտեի նիստի որոշմամբ Կենտրոնի տնօրենը նամակներ է ուղղել Հայաստանի և Բրազիլիայի համապատասխան գերատեսչություններին այդ երկրների մասնաճյուղերի միջազգային կարգավիճակին նույնպես խորհրդարանական վավերացում տալու մասին: