Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող, Եվրոպական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Միրիամ Լեքսմանը Factor TV-ին տված հարցազրույցում կարևորել, որ «նվազեցվի կառավարության կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումը»:
«Մի հարց է, որը շատ զգայուն եմ ընկալում․ դա Հայաստանի ներսում Հայ եկեղեցու նկատմամբ ճնշումն է։ Ես խոսել եմ Հայաստանի քաղաքական ներկայացուցիչների հետ և փորձել եմ նրանց խնդրել կարգավորել հարաբերությունները՝ առկա բոլոր խնդիրներով հանդերձ, որոնցից մի քանիսը ես հասկանում եմ։
Բայց, միևնույն է, չափազանց կարևոր է, որ Հայ Առաքելական եկեղեցին վայելում է քաղաքացիների ամենաբարձր վստահությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ նվազեցվի կառավարության կողմից եկեղեցու նկատմամբ ճնշումը, և փորձ արվի կարգավորել հարաբերությունները, որպեսզի ՀԱԵ-ն կարողանա շարունակել իր այդքան առանցքային դերը՝ որպես հայ ժողովրդի մշակութային և արժեքային հենք, բայց նաև՝ որպես ազատության խորհրդանիշ, որը վեր է մարդկային իշխանությունից և որին բոլոր հայերը դժվար տարիներին ու անցած դարերում միշտ նայել են որպես հույսի խորհրդանիշի»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Անդրադառնալով ՀՀ-ի եվրոպական ձգտումներին՝ զեկուցողն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի, որովհետև «Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչ է նշանակում, երբ երկիրը հակադրվում է Ռուսաստանին։
«Ես Հայաստանում էի ընտրությունների ժամանակ և, որքան հետևում եմ զարգացումներին, իրավիճակը շարունակում է շատ լարված մնալ։ Հասարակությունը խիստ պառակտված է։ Բայց, մյուս կողմից, կարծում եմ՝ ընտրություններն ավելի շատ յուրատեսակ հարցում էին այն մասին, թե մարդիկ ապագայում որտեղ են ցանկանում տեսնել իրենց երկիրը․ արդյո՞ք ցանկանում են լինել եվրոպական հասարակության մաս, թե՞ մնալ դրա ծայրամասերում, գուցե՝ Ռուսաստանի ազդեցության ներքո»,-ասել է նա:
Նա հավելել է, որ այդ տեսանկյունից որոշումը շատ համարձակ էր։
«Իհարկե, հասկանում եմ, որ վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի, որովհետև Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչ է նշանակում, երբ երկիրը հակադրվում է Ռուսաստանին։ Այսպիսով, հասկանում եմ, որ, մի կողմից, հասարակությունը բավական պառակտված է, մյուս կողմից՝ քաղաքական ղեկավարությունը պետք է շատ զգույշ լինի, թե ինչպես է ուղղորդում հասարակության տրամադրությունները և երկրի ապագայի այն տեսլականը, որ մի օր այն ավելի ամուր կապեր կունենա Եվրամիության հետ։
Նաև կարող եմ ասել, որ շատ եմ գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները վերականգնելու փորձերը։ Հայկական կողմը հսկայական ջանքեր է գործադրում, և, կարծում եմ, շատ հիասթափեցնող է, որ Թուրքիան նույնպիսի ջանքերով չի արձագանքում։ Պատմական պահ կլիներ, եթե Հայաստանն ու Թուրքիան կարողանային ինչ-որ կերպ հաշտվել անցյալի հետ և նոր ապագա սկսել»,-ասել է նա:
Ադրբեջանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին պատասխանելիս նա առավել կոշտ գնահատականներ է հնչեցրել Եվրամիության քաղաքականության հասցեին։
«Կարծում եմ՝ այստեղ Եվրամիությունը մեծ սխալ է գործում․ մենք չենք կարողանում շատ հստակ դիրքորոշում արտահայտել Ադրբեջանի կառավարության ու Ալիևի վարչակարգի նկատմամբ և ճնշում գործադրել:
Մենք գիտենք, որ Ադրբեջանը, գործնականում, խոչընդոտում է նաև Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը։ Եվ գիտենք, որ Ադրբեջանը շարունակում է գերության մեջ պահել Լեռնային Ղարաբաղի հայ քաղբանտարկյալներին։
Ես այդ մասին խոսեցի հոկտեմբերի 7-ին Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում, երբ քննարկում էինք Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման ևս մեկ դեպք, ինչպես նաև շինծու դատավարություններով մարդկանց դատապարտելու հարցը։ Մենք փորձում ենք պաշտպանել այն մարդկանց, որոնք Ադրբեջանում հետապնդվում են իրենց հայացքների, քաղաքական կարծիքների և այլ պատճառներով։ Ես անդրադարձա նաև հայ գերիներին»,-ասել է նա:
Լեքսմանը համոզմունք է հայտնել, որ Եվրամիությունն ունի անհրաժեշտ ազդեցությունն ու հնարավորությունները՝ փոխելու այդ իրավիճակը և իր հռչակած ժողովրդավարական արժեքները վերածելու գործնական քայլերի։
Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հնարավոր հայտի վերաբերյալ Լեքսմանը հայտնել է, որ իրեն հայտնի չէ՝ երբ է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում համապատասխան դիմում ներկայացնել։
Լեքսմանի գնահատմամբ՝ նման դիմումը պատշաճ կերպով կընդունվի, սակայն Հայաստանի և Եվրամիության համար առավել կարևոր է ներկայումս կենտրոնանալ հարաբերությունների զարգացման իրատեսական քայլերի վրա։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, ինչը որոշակի սահմանափակումներ է ստեղծում Եվրամիությանն անդամակցելու հեռանկարների համար։
Միաժամանակ եվրոպացի պատգամավորը հորդորել է չշտապել որոշումների կայացման հարցում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումները։
Նրա կարծիքով՝ կողմերը պետք է առաջնահերթություն տան այնպիսի նախաձեռնություններին, որոնք անմիջական օգուտ կբերեն Հայաստանի և Եվրամիության քաղաքացիներին։
Այդ ուղղություններից նա առանձնացրել է տնտեսական համագործակցության զարգացումը, վիզաների ազատականացման գործընթացի արագացումը, մարդկանց միջև շփումների ակտիվացումը, ինչպես նաև գործարար և կրթական հաստատությունների միջև կապերի ընդլայնումը։
Լեքսմանը նշել է, որ նման գործնական ձեռքբերումները կարող են ավելի արժեքավոր լինել, քան խորհրդանշական քաղաքական քայլերը, որոնց իրականացումը բարդ աշխարհաքաղաքական պայմաններում կարող է դժվարություններ առաջացնել։
Անդրադառնալով այն պնդումներին, թե Եվրոպան չի սպասում Հայաստանին, Լեքսմանը նշել է, որ եվրոպական երկրների դիրքորոշումները կարող են տարբեր լինել։ Այդուհանդերձ, նա վստահեցրել է, որ Եվրամիության անդամ պետությունները գիտակցում են Հարավային Կովկասում գործընկերներ ունենալու և Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու կարևորությունը։
Հայաստանի անելիքների վերաբերյալ հարցին պատասխանելիս Լեքսմանն առանձնացրել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով նախատեսվող պահանջների կատարումը։
Նա նշել է, որ այդ գործընթացում հայկական կողմը պետք է իրականացնի մի շարք կոնկրետ, այդ թվում՝ տեխնիկական քայլեր։
Մյուս կարևոր ուղղությունը հայկական արտադրանքի համապատասխանեցումն է Եվրամիության օրենսդրությամբ սահմանված որակի չափանիշներին։
Լեքսմանի գնահատմամբ՝ եվրոպական պահանջներին համապատասխան արտադրանքի ծավալների ավելացումը կարող է նպաստել Հայաստանի և ԵՄ-ի միջև առևտրային հարաբերությունների խորացմանը և տնտեսական նոր հնարավորությունների ստեղծմանը։
Հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել հայկական ծագման ապրանքների համար նախատեսված Եվրամիության առևտրային արտոնությունները։





