Փետրվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` Վեհարանի հանդիսությունների դահլիճում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու «Արարատ» միության անդամներին` միության հոգևոր հովիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանի ուղեկցությամբ:
Մինչ հանդիպումը միության նախաձեռնությամբ Մայր Աթոռի Ս. Վարդան և Ս. Հովհաննես Մկրտիչ մատուռ-մկրտարանում կազմակերպվել էր միության 19 նոր անդամների մկրտությունը:
Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերհիշեց միության հիմնադրման մանրամասները և երիտասարդական կառույցի հետագա գործունեությունը:
Վեհափառ Հայրապետը շնորհավորեց նոր մկրտվածներին ու նրանց կնքահայրերին և այս առիթով նրանց հանձնեց Նոր Կտակարան և հուշանվերներ, ապա պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին Եկեղեցու գործունեությանը կյանքի տարբեր ոլորտներում, ժամանակակից մարտահրավերներին, հասարակական կյանքում առկա տարբեր հոգևոր-բարոյական խնդիրներին:
Վերջում հոգևոր երգերի կատարումներով ելույթ ունեցավ միության «Արարատ» երգչախումբը, հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանը:
«Արարատ» միությունը հիմնադրվել է 1989 թ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի կողմից` Արարատյան թեմում իր առաջնորդական փոխանորդության շրջանում: Լինելով Հայ Առաքելական Եկեղեցու առաջին երիտասարդական նմանօրինակ կառույցը` այն անվանվել էր Հայ Եկեղեցու Երիտասարդաց Միություն, սակայն հետագայում վերանվանվել «Արարատ» միություն: Այսօր միությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում. գործում են տարբեր խմբակներ, ուր երիտասարդները կրթվում են, ծանոթանում հոգևոր արժեքներին, կազմակերպվում են խոկումներ, ուխտագնացություններ, այցելություններ տարբեր սոցիալական հաստատություններ:





