«Մե'նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով մարտի 1-ին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և «Տաշիր» գրուպի նախագահ Սամվել Կարապետյանի ստորագրած համաձայնագրի կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես ասվում է. «Քանի որ մամուլում հստակ տեղեկություն չկա այն մասին, արդյոք այդ ծրագրերի թվում է նաև Մաշտոցի պողոտային հարող այգին, մենք հարկ ենք համարում կրկին հայտնել երևանցիների և հատկապես Կենտրոնի բնակիչների ստորագրահավաքով հաստատված կարծիքն այն մասին, որ նրանք դեմ են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգում որևէ ստորգետնյա առևտրի կենտրոնի կառուցմանը: Նման շինարարության դեպքում այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները; տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը; նշված նախագծով վերջնականապես խաչ կքաշվի Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա: Պատրաստ ենք տրամադրել մեր նախաձեռնության Բաց ճարտարապետական ֆորումի անկախ մասնագիտական կարծիքներ նշված այգու վերաբերյալ»:
Քաղաքացիական նախաձեռնության անդամները հույս ենք հայտնում, որ այս հանգամանքը հաշվի է առնվել համաձայնագրի կնքման ժամանակ և նախկինի պես ներդրումային ծրագրերը «վեր չեն դասվելու մարդկանց առողջության և կանաչ միջավայրի գերխնդրից»:
«Հարակից շենքերի բնակիչները պատրաստ են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել սեփական կարծիքը` այգին հանրային բարեկարգ տարածք դարձնելու և այն բետոնապատումից զերծ պահելու համար։ Երևանի քաղաքապետից ակնկալում ենք, որ Մաշտոցի պողոտային հարող հանրային այգում ևս կպահպանվի նրա կողմից տրված «կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի լինելու» խոստումը»,- ընդգծվում է հայտարարության մեջ:





