AM
22 Հոկտեմբեր 2026 - 17:26 AMT

Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է Այնթապում գործող կաթնամթերքի արտադրամասում «Սուլուգունի» պանրի արտադրությունը՝ լաբորատոր հետազոտությամբ արձանագրված անհամապատասխանության պատճառով։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գոռ Գևորգյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում։

Ստուգման ընթացքում արտադրամասից վերցվել և լաբորատոր փորձաքննության է ներկայացվել «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի նմուշը։

Հետազոտության արդյունքներով պարզվել է, որ նմուշը «ԱՑԽՄ» ցուցանիշով չի բավարարում սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և հիգիենայի պահանջները։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «պանիր «Սուլուգունի» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: