Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն փաստացի խաղաղության պայմաններում են, սակայն խաղաղության վերջնական ձևակերպման համար կարևոր փուլ կա՝ ՀՀ Սահմանադրության փոփոխումը
«Միջպետական հարաբերությունների հաստատում նախատեսող խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում, սակայն մինչ օրս չի ստորագրվել: Խաղաղության վերջնական ձևակերպման համար ևս մեկ կարևոր փուլ կա՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության պայմանագրի դրույթներին»,-ասել է նա:
Ամիրբեկովը, միևնույն ժամանակ, ասել է, թե սահմանադրության բարեփոխումը Հայաստանի ներքին գործն է և չպետք է դիտարկվի որպես արտաքին միջամտության հետևանք։
Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռևս 2018 թվականին, հայտնում է Korrespondent.az-ը:
Ամիրբեկովի գնահատմամբ՝ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում կայացած բարձր մակարդակի հանդիպումը հիմք է դրել խաղաղության ամրապնդման շարունակական գործընթացին։
Որպես հարաբերություններում դրական փոփոխությունների օրինակներ՝ Ամիրբեկովն առանձնացրել է երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացումը, սահմանազատման գործընթացի շարունակությունը, կառավարությունների միջև պարբերական շփումները և երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների համագործակցության ընդլայնումը։ Նա հատուկ անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան դիզելային վառելիքի մատակարարումների մեկնարկին։
Ամիրբեկովի խոսքով՝ ընդամենը մեկ տարի առաջ նման զարգացումը գրեթե անհավանական կթվար, մինչդեռ այժմ այն դարձել է իրականություն։
Նա միաժամանակ ընդունել է, որ սահմանադրական բարեփոխումները Հայաստանի ներքին գործընթացն են և չպետք է դիտարկվեն որպես արտաքին միջամտության հետևանք։
Ադրբեջանցի պաշտոնյան հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության նախաձեռնությամբ հանդես է եկել դեռևս 2018 թվականին։
Նրա գնահատմամբ՝ սահմանադրական հարցի լուծումից հետո խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլ լուրջ խոչընդոտներ չեն մնա։
Հաջորդ քայլերը պետք է լինեն համաձայնագրի վավերացումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։
Խաղաղության գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկը, ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, տրանսպորտային և հաղորդակցական կապերի վերականգնումն ու զարգացումն է։ Նրա գնահատմամբ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնումը կարող է ավարտուն տեսք հաղորդել համագործակցության նոր համակարգին։
Ամիրբեկովն առանձնացրել է Միացյալ Նահանգների աջակցությամբ նախատեսվող TRIPP նախագիծը, որը ենթադրում է Հայաստանի հարավային հատվածով տրանսպորտային հաղորդակցության կազմակերպում։
«Նախագծի նպատակն է Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջևանի հետ՝ հետագայում ապահովելով հաղորդակցությունը Թուրքիայի և Եվրոպայի ուղղությամբ»,-ասել է նա:
Ամիրբեկովի խոսքով՝ այդ երթուղին նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել նաև Հայաստանի համար։ Մասնավորապես, Հայաստանը կարող է հասանելիություն ստանալ տարածաշրջանային երկաթուղային և խողովակաշարային ցանցերին, որոնք նախկինում շրջանցել են նրա տարածքը։
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը նշել է, որ հաղորդակցությունների զարգացումը Հայաստանին հնարավորություն կտա մասնակցելու միջպետական առևտրին և օգտվելու տնտեսական կապերի ընդլայնման արդյունքներից։
Նա նշել է, որ Բաքուն նաև ակնկալում է Եվրամիության մասնակցությունը Նախիջևանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնմանը։
Խոսքը 194 կիլոմետրանոց երկաթուղու մասին է, որը, ի տարբերություն TRIPP նոր նախագծի, ամբողջությամբ զրոյից կառուցելու անհրաժեշտություն չունի։ Ադրբեջանական կողմը սպասում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից պատրաստվող տեխնիկատնտեսական հիմնավորմանը։
Նա անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից Կարսից Իգդիրի ուղղությամբ դեպի Նախիջևան կառուցվող երկաթուղուն՝ նշելով, որ նոր երթուղիների գործարկումից կարող են օգտվել բազմաթիվ երկրներ։
Վարչապետ Փաշինյանը ճեպազրույցում ասել է․ «Ադրբեջանական կողմի դիրքորոշումը հետևյալն է. նրանք ասել են, որ ընդունում են՝ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարց է, և որևէ մեկը Հայաստանի և այլ երկրների ներքին կյանքին միջամտելու իրավունք չունի: Պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում: Ես կարծում եմ՝ այստեղ կարող է թվալ, որ ձևակերպումների տարբերությունը մեծ չէ, բայց իմ կարծիքով և իրականում այն մեծ է, որովհետև Սահմանադրությունը մեր ներքին խնդիրն է:
Այստեղ մենք շարունակաբար անում ենք հետևյալ վերլուծությունը, որ եթե մենք, այսպես թե այնպես, փոխելու ենք Սահմանադրությունը, դա մեր արդեն իսկ նախընտրական ծրագրի և Կառավարության ծրագրի մաս է, ի՞նչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ»:





