AM
23 Հոկտեմբեր 2026 - 15:18 AMT

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կմասնակցի COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ, ինչպես նաև Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Իվանա Ժիվկովիչը հոկտեմբերի 26-31-ն աշխատանքային այցով կլինի Հայաստանում՝ մասնակցելու COP17-ի բարձրաստիճան հանդիպումներին և ծանոթանալու զարգացման նախաձեռնություններին։

Ժիվկովիչը Հայաստանում կղեկավարի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի պատվիրակությունը։ Նրա մասնակցությամբ նախատեսվում են մի շարք պաշտոնական միջոցառումներ, բարձրաստիճան քննարկումներ և ռազմավարական երկխոսություններ։

Հանդիպումների առանցքային ուղղություններից մեկը Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացումն է։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի կենսաբազմազանության պահպանության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, ինչպես նաև միջազգային մակարդակով ստանձնված պարտավորությունները ազգային և տեղական մակարդակներում կոնկրետ գործողությունների վերածելուն։

Նախատեսվող քննարկումները կընդգծեն հանձնառություններից իրական արդյունքների անցնելու, կենսաբազմազանության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մոբիլիզացման, բնապահպանական առաջնահերթությունները տնտեսական և զարգացման պլաններում ներառելու, ինչպես նաև տեղայնացված և մարդակենտրոն իրականացում ապահովելու անհրաժեշտությունը։

Իվանա Ժիվկովիչի առաքելությունը նաև կհաստատի ՀՀ կառավարության, զարգացման գործընկերների և ՄԱԶԾ-ի միջև ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ամփոփել Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից տեղում արձանագրված մի շարք արդյունքներ։

COP17-ի շրջանակում նախատեսված միջոցառումներից հետո Իվանա Ժիվկովիչը կայցելի Սյունիքի մարզ՝ ծանոթանալու ՄԱԶԾ-ի և գործընկերների աջակցությամբ իրականացվող մի շարք նախաձեռնությունների։

Այցերը կհավաստեն, թե ինչպես են գործընկերությունները զարգացման առաջնահերթությունները վերածում գործնական լուծումների տեղական մակարդակում՝ նպաստելով հանրային ենթակառուցվածքների բարելավմանը, ներառական համայնքային ծառայությունների ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության ամրապնդմանը և համայնքների կողմից առաջնորդվող տնտեսական վերափոխմանը։

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: