AM
23 Հոկտեմբեր 2026 - 18:36 AMT

Մանվել Գրիգորյանի որդու պաշտոնավարման ժամանակ օտարված գույքի գործով նախաքննությունն ավարտվել է

Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալ Կարեն Գրիգորյանի (նա գեներալ Մանվել Գրիգորյանի որդին է՝ խմբ․) պաշտոնավարման տարիներին օտարված գույքի գործով նախաքննությունն ավարտվել է:

Քննության տվյալներով՝ 2006 թվականին քաղաքապետարանի համապատասխան լիազորություններ ունեցող պաշտոնյաները, ենթադրաբար չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը և խախտելով գույքի օտարման սահմանված ընթացակարգերը, օտարել են Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող միջնակարգ դպրոցին հարակից կիսակառույց շինություններն ու հողատարածքները։ Նշված անշարժ գույքի ընդհանուր կադաստրային արժեքը կազմել է 23 միլիոն 409 հազար 960 դրամ։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ գույքն իրականում ձեռք է բերել այդ ժամանակ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Կ.Գ.-ի մայրը՝ Ն.Մ.-ն։ Սակայն դրա ենթադրյալ հանցավոր ծագումը և փաստացի պատկանելությունը քողարկելու նպատակով սեփականության իրավունքը ձևակերպվել է վերջինիս հետ փոխկապակցված Ս.Ս.-ի անունով։

Քննությամբ պարզվել են նաև հետագա տարիներին այդ անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների հանգամանքները։

Ըստ նախաքննական մարմնի՝ 2020 թվականին Ս.Ս.-ն նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Էջմիածնի բնակիչ Ա.Հ.-ի հետ։ Պայմանավորվածության նպատակը եղել է Կադաստրի կոմիտեում ձևական գործարքներ իրականացնելու միջոցով գույքի ենթադրյալ հանցավոր ծագումը և իրական սեփականատիրոջ ինքնությունը թաքցնելը։

Այդ գործընթացում, ըստ քննության, ներգրավվել են նաև Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձինք։

Մասնավորապես, Ա.Հ.-ի խնդրանքով նրա մտերիմը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի «Սպիտակ» սպասարկման գրասենյակի ղեկավար Մ.Պ.-ն, օգտագործելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարություն է տվել իր ենթակայությամբ աշխատող ավագ մասնագետ Ա.Մ.-ին։

Վերջինս, ըստ մեղադրանքի, պետք է կազմեր և շրջանառության մեջ դներ անշարժ գույքի նվիրատվության կեղծ պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ս.Ս.-ն իբր սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքն անհատույց փոխանցել է Ա.Հ.-ին։

Քննչական կոմիտեի տեղեկություններով՝ ավագ մասնագետ Ա.Մ.-ն կատարել է վերադասի հանձնարարությունը և պատրաստել համապատասխան կեղծ փաստաթղթերը՝ ձևակերպելով ենթադրաբար հանցավոր ծագում ունեցող անշարժ գույքի նվիրատվությունը։

Այնուհետև՝ 2020 թվականի հունիսի 3-5-ն ընկած ժամանակահատվածում, Ա.Հ.-ն և Ս.Ս.-ն դիմումներ են ներկայացրել Կադաստրի կոմիտեի տարբեր ստորաբաժանումներ։ Դիմումներով նրանք նախ պահանջել են գրանցել ձևական պայմանագրերից բխող գույքային իրավունքները, իսկ հետագայում խնդրել են ձեռնպահ մնալ այդ գրանցումներն իրականացնելուց։

Բացի այդ, Մ.Պ.-ի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և վերցվել են ռազմամթերք հանդիսացող շուրջ երեք տասնյակ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում, հսկող դատախազի որոշմամբ, Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն oժանդակելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ա.Մ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), Մ.Պ.-ի նկատմամբ՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառությունը)։

Մ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, Ա.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, պաշտոնավարման կասեցումը և բացակայելու արգելքը, իսկ Ա.Հ.-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: