«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը չի բացառվում, ներկայացրել է իշխանությունների հնարավոր քաղաքական հաշվարկների վերաբերյալ իր տեսակետը։ Նա այդ մասին ասել է Ստեփանավանում քայլերթի ժամանակ:
«Ինձ թվում է՝ իշխանությունը փորձելու է արտահերթ ընտրության արագ գնալ, քանի որ տարբերակ է դիտարկում գնալու, որովհետև հետագայում ՌԴ-ն գալու է գազի գնի, Ադրբեջանը՝ Սահմանադրության, Եվրոպան՝ տարբեր օրենքների հետևից, բոլորը գալու են ինչ-որ բանի հետևից, որոնց խոսք է տվել Նիկոլ Փաշինյանը։ Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից շատ շուտով, քանի որ Նիկոլ Փաշինյանը փչացրել է հարաբերությունները ՌԴ հետ՝ չունենալով երաշխավորված հարաբերություն Եվրոպայի հետ»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրություն փոխվի, թե ոչ:
«Պատմության մեջ Ալիևն առաջին ադրբեջանցի գործչին է, որ հաղթել է հայերին, դրանից այնքան են ոգևորվել, որ մեր ներպետական գործերին են խառնվում, ուզում են մեր երկրի ծննդականը փոխել»,- ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը։
Նարեկ Կարապետյանը խոսել է նաև Հայաստանի պետական սահմանների պահպանության և անվտանգության ապահովման խնդիրների մասին։ Մասնավորապես, նա անդրադարձել է վերջին մեկ ամսվա ընթացքում երկու ադրբեջանցիների կողմից Հայաստանի սահմանը հատելու դեպքերին՝ հարց բարձրացնելով սահմանային վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։
«Հովիվի դեպքում խնդիր չենք տեսնում, անցել է սահմանը, պետք է հետ տային, բայց ահաբեկիչը չպետք է հանձնվի, մենք ամեն ինչ անելու են, որ չհանձնվի։ Տարօրինակ այլ բան է. հովիվն էլ է կարողանում սահմանը անցնի, ահաբեկիչն էլ։ Այսքան տարիների ընթացքում հնարավո՞ր չի եղել տեսախցիկ դնել, թե՞ միայն ընդդիմադիրների գրասենյակներում, լոգարաններում են դնում»,-ասել է նա։
Ընտրակաշառքի գործով մեղադրանք է ներկայացվել 24 անձի: Նրանց թվում է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ավագանու ընտրությունների համար ներկայացրած ընտրական ցուցակի առաջին համար Արսեն Գևորգյանը։
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում ավագանու հերթական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Քվեարկությունն անցկացվելու է համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի կառավարման համար պայքարելու են չորս քաղաքական ուժեր։ Ընտրություններին մասնակցելու են «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հանրապետություն» և «Գործարար» կուսակցությունները։





