AM
23 Հոկտեմբեր 2026 - 15:26 AMT

«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի բնակարաններ են խուզարկվել, կան ձերբակալվածներ

Հոկտեմբերի 23-ի առավոտյան «Ուժեղ Հայաստան» կուսակցության ևս 10 ներկայացուցչի բնակարաններում իրավապահները խուզարկություններ են անցկացրել։ Այդ մասին Ստեփանավանում լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը։։

«Այսօր ևս 10 անդամի տներում խուզարկություններ են եղել, ձերբակալվածներ կան։ Նրանց տարել են Երևան։ Իրենց (խոսքը ՀՀ իշխանությունների մասին է. խմբ.) գործելաոճն է։ Այս մի քանի օրը պետք է այդպես անեն, քանի որ պարտությունից վախեցած են։ «Ուժեղ հայաստանցիներս» կոտրվող չենք մեր առաջնորդի պես։ Գնալու ենք մինչև վերջ` ունենալու համար ուժեղ Ստեփանավան»,– ասել է Գևորգյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նրա խոսքով` այս պահին ավագանու 4 անդամ կա, որ ձերբակալված է, 2-ն էլ տնային կալանքի մեջ են։ Ընդդիմադիր պատգամավորը շեշտել է` ցանկացած սցենարի պատրաստ են։

Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում ավագանու ընտրությունները նախատեսված են հոկտեմբերի 25-ին։ Քվեարկությունը կազմակերպվելու է համամասնական ընտրակարգով, իսկ ընտրապայքարին մասնակցելու է 4 քաղաքական ուժ։

Հոկտեմբերի 21-ին տեղեկություններ են հրապարակվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակում իրականացված խուզարկությունների և դրանց հետևանքով 14 անձի ձերբակալության վերաբերյալ։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 22-ին, Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդել է, որ ձերբակալվածներից տասի նկատմամբ որպես խափանման միջոց են ընտրվել կալանքը և տնային կալանքը։ Կալանավորված անձանց թվում է նաև Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը: