AM
23 Հոկտեմբեր 2026 - 18:00 AMT

Մոսկվայի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը, «Շերեմետևոյում» օդային տագնապ է

Մոսկվայի բոլոր օդանավակայանները հոկտեմբերի 23-ին ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը՝ անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով։ «Շերեմետևոյում» հայտարարվել է օդային տագնապ։

Մոսկվայի «Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայանները ժամանակավորապես կասեցրել են ինքնաթիռների ընդունումն ու թռիչքների իրականացումը։

Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան, տեղեկացրել է, որ ստեղծված իրավիճակում ուղևորներին աջակցելու նպատակով ներգրավվել են լրացուցիչ աշխատակիցներ։

Օդանավակայանների համապատասխան ծառայություններն անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, իսկ ավիափոխադրողները սկսել են փոփոխություններ կատարել չվերթների ժամանակացույցերում՝ հաշվի առնելով սահմանված սահմանափակումները, գրում է Current time-ը:

Առավել արտակարգ իրավիճակ է ստեղծվել Շերեմետևո միջազգային օդանավակայանում, որտեղ օդային տագնապ է հայտարարվել: Ուղևորներին հրահանգվել է շարժվել դեպի մոտակա անվտանգ գոտիներ և նախատեսված ապաստարաններ։

Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխատակիցներն աջակցում են ուղևորների անվտանգ տեղաշարժին և նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկություններ իրավիճակի զարգացման վերաբերյալ։

Սովորաբար անօդաչուների հարձակման վտանգի դեպքում Մոսկվայի օդանավակայանները սահմանափակվում են օդանավերի ժամանման և մեկնման ժամանակավոր արգելքներով՝ առանց ուղևորներին տարհանելու անհրաժեշտության։ Հատկանշական է նաև, որ նմանատիպ հարձակումները հիմնականում տեղի են ունենում գիշերային ժամերին, մինչդեռ այս անգամ անօդաչուների վտանգն արձանագրվել է ցերեկը։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ շարժվող 17 անօդաչու թռչող սարք է խոցվել։

Միաժամանակ Մոսկվայի արևմտյան շրջանների բնակիչները տեղեկացրել են պայթյունների ձայներ լսելու մասին։ Այդ տեղեկությունները տարածվել են տարբեր տելեգրամյան ալիքներով։

Հոկտեմբերի ընթացքում Մոսկվայի օդանավակայաններն արդեն մի քանի անգամ հարկադրված են եղել մի քանի ժամով դադարեցնել աշխատանքը՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։

Ուկրաինական կողմը հոկտեմբերի 23-ին Մոսկվայի ուղղությամբ իրականացված անօդաչուների հարձակման վերաբերյալ առայժմ պաշտոնական մեկնաբանություն չի ներկայացրել։