AM
24 Հոկտեմբեր 2026 - 12:01 AMT

Սպիտակ տուն․ ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են հոկտեմբերի 27-ից դադարեցնել կրակն Ալեշկիում

Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են հոկտեմբերի 27-ից դադարեցնել կրակը Խերսոնի մարզի Ալեշկի (ուկրաիներեն՝ Օլեշկի) քաղաքում՝ ապահովելու խաղաղ բնակիչների անվտանգ տարհանումը և մարդասիրական օգնության մատակարարումը։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմը:

Պայմանավորվածության նպատակն է կազմակերպել մարդասիրական բեռների առաքումը և քաղաքացիական բնակչության տարհանումը։ Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբները հաստատել են, որ հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 27-ին։

Նշվում է, որ պայմանավորվածության ձեռքբերման գործում առանցքային դեր է ունեցել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։

Ուկրաինայի Գերագույն ռադայում նախագահամետ «Ժողովրդի ծառա» կուսակցության խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նույնպես հաստատել է, որ Ալեշկիում առաջիկայում նախատեսվում է հաստատել հրադադարի ռեժիմ։ Նրա փոխանցմամբ՝ գործելու են մշտական մարդասիրական միջանցքներ, որոնց միջոցով հնարավոր կլինի անվտանգ տարհանել խաղաղ բնակիչներին և անհրաժեշտ օգնություն հասցնել քաղաք։

Արախամիան ընդգծել է, որ համաձայնության հասնելու համար երկարատև աշխատանք է իրականացվել, որին մասնակցել են քաղաքական տարբեր մակարդակների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նա առանձնահատուկ կարևորել է Հռոմի պապի և ԱՄՆ առաջին տիկնոջ ներդրումը։

Կրակի դադարեցման վերաբերյալ տեղեկությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ բնակչության տարհանման գործընթացի կազմակերպման համար մի քանի օր կպահանջվի։

Պեսկովը հայտնել է, որ զինվորականները ներկայում համաձայնեցնում են տվյալ հատվածում հրադադարի գործողության ժամկետները՝ մարդասիրական առաքելության անվտանգ իրականացումն ապահովելու նպատակով։ Նա նաև նշել է, որ քաղաքը լքելու հնարավորություն կստանան բոլոր ցանկացողները։

Սպիտակ տան նախնական հայտարարության մեջ որպես հրադադարի մեկնարկի օր նշվել է հոկտեմբերի 29-ը։ Սակայն ավելի ուշ Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը տեղեկացրել է, որ ռուսական բանակը Խերսոնի ուղղությամբ կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու է արդեն հոկտեմբերի 27-ից՝ Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 04։00-ից։

Գերասիմովի փոխանցմամբ՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու և սոցիալական նշանակության բեռները տեղ հասցնելու համար նախատեսվում է իրականացնել ինժեներական հետախուզություն, ինչպես նաև կազմակերպել մարդասիրական շարասյան անվտանգ տեղաշարժը դեպի Ալյոշկի։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը ևս հայտարարել է, որ նույն ժամից՝ Կիևի ժամանակով 03։00-ից, դադարեցնելու է կրակն Ալեշկիի ուղղությամբ։ Ուկրաինական կողմը հավաստիացրել է, որ պաշտպանության ուժերը ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները քաղաքի բնակիչներին աջակցելու համար և առավելագույն ջանքեր են գործադրելու քաղաքացիների անվտանգությունն ու փրկությունն ապահովելու ուղղությամբ։

Ռուսական զորքերի վերահսկողության տակ գտնվող քաղաքը տեղակայված է Դնեպր գետի ձախ ափին։ Մոսկվան և Կիևը փոխադարձաբար մեղադրում են միմյանց բնակավայրի հրետակոծությունների համար։ Երկու կողմերն էլ ահազանգել են քաղաքում ստեղծված մարդասիրական ծանր իրավիճակի մասին՝ նշելով, որ բնակիչներին պարենամթերք հասցնելը չափազանց դժվարացել է։

Սպիտակ տունն իր հաղորդագրության մեջ ընդգծել է, որ ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի ջանքերով հաջողվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի պայմանավորվածություն ձեռք բերել, որի գործողությունը սահմանափակվելու է Ալեշկի քաղաքի տարածքով։

Մելանյա Թրամփը քաղաքի վիճակը բնութագրել է որպես ծայրահեղ ծանր՝ նշելով, որ ռազմաճակատին մոտ գտնվող բնակավայրը հայտնվել է մարդասիրական աղետի եզրին։ Նրա խոսքով՝ քաղաքում մնացած մարդկանց մեծ մասը տարեցներ են, որոնք բժշկական օգնության, դեղորայքի, սննդամթերքի և մաքուր խմելու ջրի խիստ կարիք ունեն։

ԱՄՆ առաջին տիկինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ալեշկիի բնակիչները բախվում են էլեկտրաէներգիայի պակասի, ստիպված են ապրել ականապատ ճանապարհների հարևանությամբ և շարունակաբար ենթարկվում են ռազմական հարվածների։ Նա համոզմունք է հայտնել, որ առանց իր միջամտության հնարավոր չէր լինի քաղաք մարդասիրական օգնություն հասցնել և տարեց բնակիչների տարհանումն իրականացնել։

Սպիտակ տան տարածած տեղեկատվության համաձայն՝ Մելանյա Թրամփը և նրա ներկայացուցիչները բանակցություններ են վարել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի ղեկավարության հետ՝ տեղային հրադադարի հաստատման պայմանները հստակեցնելու նպատակով։

Հոկտեմբերի 16-ին Վատիկանը տեղեկացրել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում նա խնդրել է դադարեցնել ռազմական գործողություններն Ալեշկիում՝ մարդասիրական խնդիրների լուծման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Հոկտեմբերի 19-ին Հռոմի պապը հեռախոսով զրուցել է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ՝ կրկին բարձրացնելով Ալեշկիում մարդասիրական հրադադար հաստատելու անհրաժեշտության հարցը։

Վատիկանի համաձայն՝ Լեոն XIV-ը հույս է հայտնել, որ հակամարտող կողմերի համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի ապահովել սննդամթերքի և բժշկական պարագաների մատակարարումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության կամավոր ու անվտանգ տարհանումը։

Մելանյա Թրամփն իր հերթին ներկայացրել է նախատեսվող մարդասիրական գործողությունների որոշ մանրամասներ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ներկայացուցիչները համատեղ այցելելու են Ալեշկիի բնակիչներին՝ տեղում պարզելու, թե յուրաքանչյուրն ինչ օգնության կարիք ունի։

Առաջին տիկինը նաև հայտնել է, որ տարհանվել ցանկացողներին տրամադրվելու են անհրաժեշտ աջակցություն և տրանսպորտային միջոցներ՝ իրենց նախընտրած վայր տեղափոխվելու համար։ Նա ենթադրել է, որ բնակիչների մի մասը կցանկանա մեկնել Ռուսաստան, իսկ մյուս մասը՝ Ուկրաինա։

Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների նոր փոխանակում են իրականացրել, որի արդյունքում յուրաքանչյուր կողմ վերադարձրել է 270 մարդու։ Կիևը հայտնել է նաև ինը քաղաքացիական անձի ազատ արձակման մասին։

Ռուսական գերությունից Ուկրաինա է վերադարձել 270 մարդ, որոնցից 261-ը զինծառայողներ են, իսկ 9-ը՝ քաղաքացիական անձինք։ Այդ մասին հոկտեմբերի 23-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահը:

Նրա փոխանցմամբ՝ ազատ արձակված ռազմագերիների թվում են Ուկրաինայի ազգային գվարդիայի, այդ թվում՝ «Ազով» ստորաբաժանման մարտիկներ, սահմանապահ ծառայության, տարածքային պաշտպանության ուժերի, ռազմածովային ուժերի, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի ցամաքային և դեսանտագրոհային զորքերի զինծառայողներ։ Զելենսկին նշել է, որ վերադարձածների մեծ մասը ռուսական գերության մեջ է գտնվել դեռևս 2022 թվականից։

Ուկրաինայի նախագահը նաև տեղեկացրել է, որ ազատ արձակված ռազմագերիների հիմնական մասը մասնակցել է Մարիուպոլի մարտերին: Ուկրաինա վերադարձածների թվում են նաև զինծառայողներ, որոնք մարտական գործողությունների են մասնակցել Դոնեցկի, Լուգանսկի, Խարկովի, Զապորոժիեի, Խերսոնի, Կիևի, Նիկոլաևի և Չեռնիգովի ուղղություններում, հայտնում է Deutsche Welle-ն:

Զելենսկու խոսքով՝ ազատ արձակվածներից հինգը ուկրաինացիներ են, որոնք նախկինում զոհցված են համարվել Ելենովկայի վրա ռուսական հարվածներից հետո: Մարիուպոլը ռուսական զինված ուժերի կողմից գրավվելուց հետո այդ գաղութում պահվել են ուկրաինացի զինծառայողներ, որոնց մի մասին գերեվարել և այնտեղ են տեղափոխել «Ազովստալ» գործարանի տարածքից։

«Ուզում եմ գտնել» նախագծի միջոցով Ռուսաստանից վերադարձած զինծառայողների վերաբերյալ տվյալներ է հրապարակել Ուկրաինայի ռազմագերիների հարցերով համակարգող շտաբը։ Ըստ ներկայացված տեղեկությունների՝ ռուսական կողմին փոխանցվել է 270 զինծառայող, որոնց ավելի քան 80 տոկոսը ուկրաինական գերության մեջ է անցկացրել առավելագույնը երկու տարի։

Հրապարակված տվյալներով՝ վերադարձած ռուս զինծառայողներից 35-ը պատերազմին մասնակցելու համար զորակոչվել են զորահավաքի միջոցով, իսկ մնացածը պայմանագրային զինծառայողներ են։

Նշվում է նաև, որ 2025 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանը փոխանակման ենթակա անձանց ցուցակներում ընդգրկել է զինվորականների, որոնք հավաքագրվել են Ուկրաինայի տարածքներում:

Ռուսաստան վերադարձածների թվում են նաև Ռուսաստանի զինված ուժերի 21 սպա և սերժանտական կազմի 70 զինծառայող։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նույնպես հաստատել է ռազմագերիների փոխանակման փաստը։