Փարիզի արվարձաններում իրականացված մի շարք զինված հարձակումների հետևանքով մեկ մարդ է զոհվել, իսկ հինգը տարբեր աստիճանի հրազենային վնասվածքներ են ստացել։ Տուժածների թվում է նաև 12 տարեկան աղջիկ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ տեղի ունեցածը ռասայական ատելությամբ պայմանավորված ահաբեկչական գործողություն է։
Առաջին հրաձգությունը տեղի է ունեցել Փարիզից հարավ-արևմուտք գտնվող Տրապ քաղաքում։ Հարձակվողը կրակ է բացել շարժվող ավտոմեքենայից, այնուհետև ուղևորվել հարևան Լա Վերիեր բնակավայր, որտեղ շարունակել է հարձակումները, հայտնում է BBC-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսի փոխանցմամբ՝ զինված հարձակումների ամբողջ շարքը տևել է մոտ 15 րոպե։
Իրավապահներին հաջողվել է կասկածյալին ձերբակալել Կուանյեր քաղաքում։ Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա 39 տարեկան է և նախկինում հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում, սակայն ֆրանսիական հատուկ ծառայությունների համար հայտնի անձ չի եղել։ Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունից BFMTV հեռուստաալիքին հայտնել են, որ կասկածյալը ներառված չի եղել անվտանգության համար լուրջ սպառնալիք ներկայացնող անձանց հատուկ հաշվառման ցուցակում։
Իշխանությունները դեռևս վերջնական եզրակացություն չեն ներկայացրել հանցագործության շարժառիթների վերաբերյալ։ Այդուհանդերձ, Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը՝ PNAT-ը, հայտարարել է, որ տեղի ունեցածը, ըստ նախնական գնահատականի, կարող է դիտարկվել որպես «ահաբեկչական գործունեության հետ կապված սպանություն»։
Տրապում լրագրողների հետ զրույցում ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը նշել է, որ միջադեպն ակնհայտորեն ահաբեկչական բնույթ ունի, և հենց այդպիսի գնահատական է ներկայացրել դատախազը։
Հնարավոր շարժառիթներին անդրադառնալով՝ Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեն տեղեկացրել է, որ զոհված անձն աֆրիկյան ծագում է ունեցել, իսկ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորներից մեկը Հյուսիսային Աֆրիկայից է։ Քաղաքապետի գնահատմամբ՝ հարձակումն ունեցել է «ռասիստական, հավանաբար իսլամաֆոբական ենթատեքստ»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կատարվածը շրջադարձային իրադարձություն է երկրի և հանրապետության կյանքում։ Նրա խոսքով՝ այդ օրը ռասիստական գաղափարախոսությամբ առաջնորդվող Ֆրանսիայի քաղաքացիներից մեկը մարդ է սպանել, իսկ ընդհանուր առմամբ տուժել է վեց անձ։ Նախագահը շեշտել է, որ ազգային հակաահաբեկչական դատախազությունը միջադեպը գնահատել է որպես ռասայական ատելության հիմքով իրականացված ահաբեկչություն։
Մակրոնը նաև ընդգծել է, որ տուժածներն ընտրվել են բացառապես իրենց մաշկի գույնի կամ ենթադրյալ կրոնական պատկանելության պատճառով, և նրանց դեմ բռնություն գործադրելու այլ պատճառ չի եղել։
Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեն հայտնել է, որ ուրբաթ առավոտյան անհայտ տղամարդն ավտոմեքենայից կրակ է բացել ճանապարհին հանդիպած մի քանի մարդկանց ուղղությամբ։
Ականատեսների պատմելով՝ զինված անձը մոխրագույն Renault Clio մակնիշի մեքենայով անցել է քաղաքի մի քանի թաղամասերով։ Քաղաքապետի խոսքով՝ հարձակվողը կրակել է առանց թիրախները տարբերակելու՝ ըստ ամենայնի փորձելով հնարավորինս մեծ թվով մարդկանց վնաս պատճառել։
Ալի Ռաբեն համոզմունք է հայտնել, որ հարձակվողի նպատակը զանգվածային արյունահեղություն կազմակերպելն է եղել։
Քաղաքապետի ներկայացրած տվյալներով՝ կրակոցներ են արձակվել Տրապի բենզալցակայանում, բժշկական կենտրոնի հարևանությամբ և մանկական խաղահրապարակում գտնվող մարդկանց ուղղությամբ։ Դրանից հետո զինված տղամարդը շարժվել է դեպի հարևան Լա Վերիեր քաղաք։
Վիրավորված 12-ամյա աղջկա մայրը ֆրանսիական RTL ռադիոկայանին պատմել է, որ դուստրը ստացել է ութ հրազենային վնասվածք և վիրահատական միջամտության կարիք ունի։
Կնոջ խոսքով՝ հարձակման պահին աղջկա գլուխը ծածկված է եղել գլխաշորով, և հնարավոր է՝ հենց այդ հանգամանքն է նրան թիրախ դարձրել։
Մայրը շեշտել է, որ իր դուստրը ծնվել է Ֆրանսիայում՝ Տրապ քաղաքում, և լիարժեք իրավունք ունի ապրելու ու սեփական ապագան կառուցելու այդ երկրում։
Միաժամանակ Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազությունը պաշտոնական հայտարարությամբ կոչ է արել չշտապել եզրակացություններ անել հրաձգությունն իրականացրած անձի իրական շարժառիթների վերաբերյալ։
Այդուհանդերձ, նախաքննության ընթացքում ուսումնասիրվող հնարավոր հանցագործությունների ցանկում ներառվել է «ահաբեկչական գործունեության հետ կապված սպանություն» որակումը։ Որպես ծանրացնող հանգամանք դիտարկվում է այն վարկածը, որ հանցագործությունը կատարվել է տուժածների իրական կամ ենթադրյալ ռասայական, էթնիկական, ազգային կամ կրոնական պատկանելության պատճառով։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կասկածյալը մեքենայով շարժվել է քաղաքի գլխավոր ճանապարհներից մեկով և պարբերաբար կրակոցներ արձակել ավտոմեքենայի պատուհանից։
Տեղական ոստիկանության ղեկավարը BFMTV հեռուստաալիքին տեղեկացրել է, որ հարձակվողն օգտագործել է «հին նմուշի կիսաավտոմատ զենք», որով կրակել է կրակահերթերով։
Le Parisien պարբերականի տվյալներով՝ օգտագործված զենքն արտադրվել է դեռևս Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Տրապի քաղաքապետը նաև հայտնել է, որ հրաձգության ընթացքում վնասվել են բժշկական կենտրոնի շենքը, բենզալցակայանը և մի քանի ավտոմեքենաներ։
Ֆրանսիայի ազգային հակաահաբեկչական դատախազությունը տեղեկացրել է, որ հետաքննություն է իրականացվում նաև «Ա կարգի զենքի ապօրինի պահման» հոդվածով։ Այդ դասակարգման մեջ, մասնավորապես, ներառվում են ռազմական նշանակության և կրակահերթերով կրակելու հնարավորություն ունեցող զինատեսակները։
Բացի այդ, իրավապահներն ուսումնասիրում են ահաբեկչական խմբավորման հետ հնարավոր հանցավոր համագործակցության հանգամանքները։ Հետաքննության շրջանակում քննվում է նաև անձանց դեմ ուղղված հանցագործություններ նախապատրաստելու նպատակով «ահաբեկչական խմբավորման հետ հանցավոր համաձայնության» հնարավոր առկայությունը։





