AM
26 Հոկտեմբեր 2026 - 11:25 AMT

ԶԼՄ․ Անիի պատմական կամրջի վերականգնման մրցույթն ավարտվել է

Հայաստանի և Թուրքիայի սահմանագոտում գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնման նպատակով անցկացված մրցույթն ավարտվել է: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, հայտնում է APA-ն թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության վրա հղումով:

Նախարարի փոխանցմամբ՝ Թուրքիայի Կարսի նահանգում գտնվող պատմական կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման մրցույթն անցկացվել է սեպտեմբերի 16-ին։ Դրան հաջորդել է համապատասխան պայմանագրի ստորագրումը, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-ին։

Ուրալօղլուն տեղեկացրել է նաև, որ վերականգնման գործընթացն իրականացվելու է Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված համատեղ հանձնաժողովի համակարգմամբ։ Այդ պայմանավորվածությունը նախատեսված է երկու երկրների միջև մայիսի 4-ին Երևանում ստորագրված արձանագրությամբ։

Թուրք նախարարը ներկայացրել է նաև պատմական կառույցի ներկայիս վիճակը։ Նրա խոսքով՝ Մետաքսի մեծ ճանապարհի վրա 10-րդ դարում կառուցված կամրջից մեր օրեր են հասել միայն հենասյուների մնացորդները։

Պատմական կամուրջն ունեցել է 80 մետր երկարություն և 8 մետր լայնություն։ Կառույցի 31 մետր բացվածքով կամարային հատվածն ավերվել է 1807 թվականին։

Աբդուլքադիր Ուրալօղլուն ընդգծել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը Մետաքսի մեծ ճանապարհի պատմամշակութային կարևորագույն հուշարձաններից մեկի վերականգնումն է։

Նախագծի իրականացմամբ նախատեսվում է պահպանել պատմական կառույցը և ապահովել դրա փոխանցումը ապագա սերունդներին՝ որպես տարածաշրջանի հարուստ պատմական և մշակութային ժառանգության մաս։

Անիի կամուրջը, կառուցվել է 10-11-րդ դարերում հայոց արքայատոհմ Բագրատունիների կողմից։