AM
26 Հոկտեմբեր 2026 - 10:42 AMT

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ ԱԱ կրկնակի չեմպիոն

Հայաստանի սպորտային մարմնամարզության ազգային հավաքականի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը երկրորդ անգամ արժանացել է աշխարհի չեմպիոնի կոչմանը՝ հաղթելով հենացատկի մրցումներում։

Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության առանձին գործիքների եզրափակիչ մրցումներում Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում հավաքել է 14.850 միավոր, հայտնում է Արմենպրեսը:

Մինչ այդ աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ էր նվաճել նաև Համլետ Մանուկանը՝ լավագույնը ճանաչվելով նժույգ-թափեր վարժությունում։ Հայաստանի հավաքականի մեդալային հաշվեկշիռը բրոնզե պարգևներով համալրել են Մամիկոն Խաչատրյանը՝ նժույգ-թափեր վարժությունում, և Արթուր Ավետիսյանը՝ օղակների մրցումներում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել մարմնամարզիկներ Արթուր Դավթյանին և Համլետ Մանուկյանին աշխարհի առաջնություններում գրանցած հաջողությունների և չեմպիոնական տիտղոսներ նվաճելու կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Մեկ շաբաթում մարմնամարզության աշխարհի երկու չեմպիոն՝ Համլետ Մանուկյան և Արթուր Դավթյան։ Ա. Դավթյանը այսպիսով արդեն աշխարհի կրկնակի չեմպիոն։ Շնորհակալ ենք տղաներ»,-գրել է նա։