ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել է ՏԻՄ ընտրություններում ջախջախիչ հաղթանակի մասին և հայտարարել, որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր՝ պետականակենտրոն ընդդիմություն:
Նա հայտարարել է, որ «պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, դա տեսնում ենք ՏԻՄ ընտրություններով»:
Վարչապետը նաև ընդգծել է, որ նոր ընդդիմադիր քաղաքական ուժի ձևավորման հարցը պետք է դառնա հանրային քննարկումների առարկա։
Ուզում եմ իմ գնահատականներն ու ընկալումները ներկայացնել։ Առաջինը՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես խոստացել էի և դա իմ հանձնառությունն էր, որ ռոբա-սերժա-կալուգա-կտրիճական ուժերը կամ, մեկ բառով ասած, լրտեսական ուժերը, պատերազմի եռագլուխ-քառագլուխ կուսակցությունը պետք է ոչնչացվի, և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել Հայաստանի քաղաքացիների օգնությամբ և աջակցությամբ։
Բայց մյուս կողմից ես ուզում եմ անկեղծ և ուղիղ ասել՝ որպես 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնած մարդ, ամենևին էլ երջանիկ չեմ, որ մենք մի շարք համայնքներում ստացել ենք 90+, 80+ կամ 70+ ձայներ, որովհետև, ինչքան էլ առաջին հայացքից հաճելի է թվում, այս տոկոսները որոշակի ասոցիացիաներ են առաջացնում։ Բայց դրանք առաջ են բերում նաև ընդդիմության հարցը Հայաստանում։ Մենք պետք է այս իրավիճակը ճիշտ գնահատենք. մի կողմից մենք պետք է իսկապես Հայաստանից արմատախիլ անենք լրտեսական ընդդիմությունը, որը կառավարվում է դրսից, բայց մյուս կողմից Հայաստանը պետք է ունենա պետականակենտրոն ընդդիմություն»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:
Նա շեշտել է, որ այս հարցը քննարկել են տարբեր ձևաչափերով, և հարցադրում արել, թե ի՞նչ կարող է անել և ի՞նչ պետք է անի կառավարությունը նոր ընդդիմության ձևավորման համար։
«Մեր եզրակացությունն այն է, որ մենք ոչ մի բան պետք է չանենք, նկատի ունեմ՝ գործնական և ակտիվ չլինենք այս առումով, հակառակ դեպքում մենք կարող ենք ընկնել ավելի վատ վիճակի մեջ և վատագույն պրակտիկան Հայաստանում վերականգնելու փորձ անենք։ Հիշում եք ՝ Հայաստանում կար, այսպես կոչված, հաճախորդ և կառավարելի ընդդիմություն։ Դա նույնքան աղետ է Հայաստանի համար։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում պետք է ձևավորվի նոր, պետականակենտրոն ընդդիմություն և իրական ընդդիմություն, որը իրական քաղաքական գործունեությամբ, այլ ոչ թե լրտեսական գործունեությամբ կզբաղվի։ Այն, որ սա անհրաժեշտ է, ակնհայտ է, բայց մյուս կողմից կառավարությունը չի կարող և չպետք է ընդդիմություն ստեղծի, որովհետև դա կլինի կառավարվող ընդդիմություն, կեղծ ընդդիմություն»,- մանրամասնել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ լուծումն այն է, որ Հայաստանում ոչ իշխանական և պետականակենտրոն ուժերն ակտիվանան։ Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը ինստիտուցիոնալ բարեփոխումներ է անում և կշարունակի անել, որպեսզի այդ պետականակենտրոն ընդդիմության ձևավորումը տեղի ունենա։
«Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններով այս չափով և այսքանով խնդիրը լուծված է, բայց, ինչպես նախկինում առիթ ունեցել եմ ասելու՝ երբ մի խնդիր լուծել ես, ի հայտ է գալիս 2-3 նոր խնդիր։ Հիմա մենք մի խնդիր երեկվա ընտրություններով լուծել ենք, առաջ է եկել 3 նոր խնդիր։ Առաջինը՝ ինչպե՞ս անել, որ ընտրությունների արդյունքներն ավտորիտարիզմի և բռնապետության տպավորություն չթողնեն։
Երկրորդը՝ ինչպե՞ս անել, որ բարձր վստահություն ստացած համայնքներում գործի հանրային վերահսկողության օբյեկտիվ մեխանիզմ։
Երրորդը՝ ինչպես անել, որ Հայաստանում ձևավորվի պետականակենտրոն, երիտասարդ, ինտելեկտուալ, օբյեկտիվ, ազնիվ և միայն սեփական ընտրողների և քաղաքացիների կողմից կառավարվող և ուղղորդվող ընդդիմություն։ Սրանց հարցեր են, որոնց շուրջ պետք է մտածենք»,- եզրափակել է Փաշինյանը։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։





