ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում ստացվել է 54 ահազանգ, որոնցից 10-ը դարձել է հաղորդում։
Նրա խոսքով՝ արձանագրվել է ընտրակաշառքի մեկ դեպք, որը պետք է ենթարկվի ստուգման, քանի որ քաղաքացու ահազանգ է, ոչ թե օպերատիվ աշխատանքի արդյունք, հայտնում է Radar.am-ը:
«Ահազանգեր ենք ունեցել թե՛ քաղաքացիներից, թե՛ ընդդիմությունից, նաև՝ իշխանական թևից։ Եղել է 54 ահազանգ, որոնք ստուգվել են․ 10-ը դարձել են հաղորդում»,-ասել է նա:
ՆԳ նախարարը հավելել է, որ դրանք հիմնականում քվեարկության գաղտնիությունը խախտելու մասին են։
Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:
«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։





