Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է ավելի ծանր պատիժներ սահմանել:
Նախաձեռնության համահեղինակ, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ներկայացրել է առաջարկվող կարգավորումները, հայտնում է Factor.am-ը:
«Ի՞նչ առանցքային փոփոխություններ են առաջարկվում. «Նախազգուշացման» վերացում. Առաջարկվում է հրաժարվել նախազգուշացումից՝ որպես պաշտպանական միջոցի, քանի որ այն իրական արդյունավետություն չի ապահովում: Փոխարենը կներդրվի բռնության ենթարկված անձի կանխարգելիչ հաշվառում, որպեսզի նա մշտապես մնա իրավապահների ուշադրության կենտրոնում:
Ոստիկանության պարտադիր հաղորդում 12 ժամում. Ոստիկանության ծառայողը պարտավոր կլինի դեպքի մասին տեղեկանալուց հետո առավելագույնը 12 ժամվա ընթացքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել քննչական մարմնին, եթե առկա են առերևույթ հանցագործության հատկանիշներ: Բացի այդ, ահազանգով մեկնելիս ոստիկանները պարտավոր կլինեն կրել տեսախցիկներ:
Պաշտպանական որոշումների ժամկետների երկարաձգում. Քրեական վարույթի առկայության դեպքում պաշտպանական կամ անհետաձգելի միջամտության որոշումները կգործեն մինչև 2 ամիս ժամկետով՝ անկախ նախկին սահմանափակումներից, մինչև մեղադրյալը կալանավորվի կամ կիրառվեն հատուկ պաշտպանական միջոցներ:
Պարտադիր վերականգնողական (ռեաբիլիտացիոն) ծրագրեր. Բռնություն գործադրած անձանց համար ռեաբիլիտացիոն ծրագրեր անցնելը կդառնա պարտադիր ինչպես պաշտպանական, այնպես էլ անհետաձգելի միջամտության որոշումների պարագայում: Պարտականությունը չկատարելը կառաջացնի պատասխանատվություն:
Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանություն. Ֆիզիկական բռնության հասկացությունը կներառի նաև աջակցող սարքերից (սայլակ, լսողական ապարատ և այլն) զրկելը կամ դրանք վնասելը: Եթե միջամտության որոշում է կայացվում հաշմանդամություն ունեցող անձի միակ խնամողի նկատմամբ, ոստիկանությունն անհապաղ պետք է ապահովի այլընտրանքային խնամք:
Ավելի խիստ պատիժներ և համատեղ բնակության արգելք. Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության հանցակազմերը կառանձնացվեն առանձին գլուխներով՝ ավելի խիստ պատիժներով: Բացառվելու է պատասխանատվությունից ազատումը «գործուն զղջալու» հիմքով: Տնային կալանք չի կարող կիրառվել, եթե մեղադրյալն ու տուժողը ապրում են նույն հարկի տակ և հնարավոր չէ ապահովել տուժողի այլ բնակավայր տեղափոխվելը:
Տուժողի մեկանգամյա հարցաքննություն. Երկրորդային վիկտիմիզացիայից խուսափելու նպատակով տուժողները կհարցաքննվեն միայն մեկ անգամ, բացառությամբ նոր ի հայտ եկած հանգամանքների»,- փոփոխությունները ներկայացրել է Բաթոյանը։
Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է նաև փոփոխություններ կատարել «Պրոբացիայի մասին» օրենքում և Քրեակատարողական օրենսգրքում՝ դրանք համալրելով վերականգնողական ծրագրերին առնչվող դրույթներով։ Այդ կարգավորումների ուժի մեջ մտնելու համար սահմանվել է 2028 թվականի հուլիսի 1-ը։
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը, իր հերթին, ընդունել է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխություններն ու նախատեսվող գործիքները կարևոր և անհրաժեշտ են։ Միաժամանակ նա մտահոգություն ու դժգոհություն է արտահայտել օրենսդրական նախաձեռնության քննարկման ընթացքի և ընտրված արագացված ձևաչափի կապակցությամբ։
Գալստյանի գնահատմամբ՝ նման ընդգրկուն և հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող օրենսդրական փաթեթի արտահերթ քննարկումը, հատկապես այն նոր նախագծերով համալրելու պայմաններում, կարող է բացասաբար անդրադառնալ ընդունվող օրենսդրության որակի վրա։
Պատգամավորը շեշտել է, որ քննարկումների նման ընթացակարգի հետևանքով խորհրդարանականներն ու հանձնաժողովի անդամները բավարար հնարավորություն չեն ստանում մանրամասն ուսումնասիրելու ներկայացված փաստաթղթերը, ամբողջությամբ ծանոթանալու առաջարկվող կարգավորումներին և դրանց շուրջ բովանդակային ու խորքային քննարկումներ անցկացնելու։





