AM
26 Հոկտեմբեր 2026 - 16:02 AMT

Նախարարը՝ Շաքիի միջադեպի մասին․ 10 րոպեում հասնելը ենթադրում է ոստիկանի գերօպերատիվ աշխատանք

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, անդրադառնալով ադրբեջանցի զինվորի պատճառով Շաքիում տեղի ունեցած միջադեպին, հայտարարել է, որ ոստիկաններն արագ են արձագանքել ահազանգին՝ դեպքի վայր հասնելով մոտ 10 րոպեում։

«Սիսիանի մեր ամբողջ բաժինը տեղում է եղել, ուղղակի կինը ունեցել է տվյալ համայնքային ոստիկանի բջջային հեռախոսահամարը։ Ստացվում է, որ մեր այն քաղաքականությունը, որ դու ճանաչես քո համայնքային ոստիկանին, ցանկանաս, որ քեզ հետ պատահածը իրեն հայտնած լինես, այս դեպքում կլասիկ տարբերակով աշխատել է: Ահազանգը ստանալուց չանցած 10 րոպե, ոստիկանն արդեն եղել դեպքի վայրում, երբ դեպքն արդեն տեղի է ունեցած եղել»,- նշել է Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Շաքիի բնակչուհի Անի Ավետիսյանը, որը հրազենային վիրավորում է ստացել ադրբեջանցուց, հայտնել էր, որ ոստիկանությանը ահազանգելուց հետո ինքը ավելի շուտ էր հասել իր տուն, քան ոստիկանները կգային։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Արփինե Սարգսյանը պարզաբանել է, որ այդ համայնքային ոստիկանը նախորդ օրը հերթապահել էր և ադրբեջանցի զինծառայողի հետ կապված դեպքի օրը պետք է գտնվեր հանգստի մեջ։ Նա հավելել է, որ սկսված քննության արդյունքում ժամային ավելի ճիշտ տվյալներ կտան։

Նախարարը վստահեցրել է, որ տիկին Անին ոստիկանին զանգահարել է այն ժամանակ, երբ արդեն եղել է տան մոտակայքում, իսկ ոստիկանն ավելի հեռու է եղել։

«Հանգստի մեջ գտնվող ոստիկանը Սիիսնի բաժնից բավականին հեռու է բնակվել և այն, որ տնից դուրս գալուց չանցած 10 րոպե հասնելը, իրենից գերօպերատիվ աշխատանք է ենթադրում»,- ասել է Սարգսյանը և պատմել է, որ տեղ հասնելուց հետո ոստիկանը տղային հորդորել է զանգահարել 911, որպեսզի օգնող ուժեր գան։

Նա վստահեցրել է, որ 911 զանգելուց հետո 10 րոպեի ընթացում օպերատիվ խումբը եղել է տեղում և նրանց աշխատանքի արդյունքում է հայտնաբերել ադրբեջանցին։

Հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի քաղաքացի, զինծառայող Նասիմի Մուսաևն ապօրինի մուտք է գործել Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տուն և հայտնաբերվելուց հետո զենքից կրակոցներ է արձակել։ Կրակոցի հետևանքով վիրավորվել է 1987 թվականին ծնված կինը, վնասվածքներ են ստացել նաև նրա 3 երեխաներից 2-ը: Դրանից հետո ադրբեջանցին փախուստի է դիմել։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նասիմի Մուսաևը հայտնաբերվել է Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ հասցեում։ Նա 2 ամսով կալանավորվել է: