Ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրման համակարգում իրականացված փոփոխությունների արդյունքում պարզեցվել է հայտարարագրերի լրացման գործընթացը, ընդլայնվել է ինքնաշխատ նախալրացվող տեղեկատվության ծավալը, ինչպես նաև սահմանվել են չհարկվող եկամուտների տեսակներ, որոնք քաղաքացիները կարող են չներառել հայտարարագրում, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:
2025 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն ՀՀ ռեզիդենտ հանդիսացող չափահաս ՀՀ քաղաքացիները։
Կատարված փոփոխությունների համաձայն՝ քաղաքացիները կարող են չհայտարարագրել մինչև 1 մլն դրամի որոշ չհարկվող եկամուտներ, այդ թվում՝ ֆիզիկական անձանցից ստացված փոխառությունները, նվիրատվությունները, գույքի օտարումից ստացված և այլ եկամուտները, հայտնում է Արմենպրեսը:
Գործընթացը հեշտացնելու նպատակով համակարգում ինքնաշխատ նախալրացվում են հարկային մարմնին հասանելի տվյալները: Քաղաքացու համաձայնությամբ՝ կարող են նախալրացվել նաև ավանդներից ստացված տոկոսները։ Գործում է նաև նախալրացված հայտարարագրի ինքնաշխատ ներկայացման մեխանիզմը․ սահմանված ժամկետում այն չփոփոխելու և չներկայացնելու դեպքում՝ հայտարարագիրը վերջնաժամկետից հետո համարվում է ներկայացված։ Հայտարարագիրը հնարավոր է ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով՝ առանց լիազորագրի նոտարական վավերացման։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի նոյեմբերի 1-ն է, սակայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքին համապատասխան՝ եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, տվյալ դեպքում՝ նոյեմբերի 2-ը։ Հաջորդ հաշվետու տարիների համար հայտարարագրերը ներկայացվելու են մարտի 2-ից մինչև հուլիսի 1-ը ներառյալ։





