AM
27 Հոկտեմբեր 2026 - 13:37 AMT

ՀՀ-ն ու Գերմանիան բնապահպանական գործակցության հռչակագիր են ստորագրել

COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը ստորագրել են երկու երկրների միջև բնապահպանական և կլիմայական համագործակցությունն ամրապնդելու վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր, հայտնում է ՇՄ նախարարությունը:

Փաստաթուղթն ընդգրկում է կենսաբազմազանության պահպանությունն ու վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, կլիմայի փոփոխության մեղմումն ու հարմարվողականությունը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների կառավարումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու Սևանա լճի պահպանությանը։

Հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման համար:

Հոկտեմբերի 18-ի երեկոյան Երևանի «Մերիդիան» կենտրոնում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի, պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա է եղել և ելույթ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր խոսքում նա նշել է, որ Հայաստանը COP17-ի նախագահությունը դիտարկում է որպես հնարավորություն՝ համախմբելու միջազգային հանրության ջանքերը և դրանք ուղղորդելու դեպի գործնական ու շոշափելի արդյունքներ: