AM
27 Հոկտեմբեր 2026 - 14:07 AMT

Նարեկ Կարապետյան․ Գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում՝ գյուղնախարարություն է պետք

Գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում, ունենք մինչև 10% անկման տվյալներ, իսկ օր առաջ մոտեցման փոփոխությունը բերելու է այդ անկման կառավարմանը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Աժ-ում «Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ:

Դիմելով ՏԿԵ փոխնախարար Առնակ Ավետիսյանին՝ Կարապետյանը հորդորել է գյուղատնտեսության նախարարություն բացել և 1-2 տարում կտեսնեն արդյունքը, հայտնում է Panorama.am-ը:

«Գյուղատնտեսական հողերի ոռոգման համակարգերի հետ կապված կան լուրջ խնդիրներ, բայց ամենամեծ խնդիրն ընդհանուր այս պրոցեսը մեկ մարմնի՝ գյուղատնտեսության նախարարության տակ հավաքելն է, քանի որ մեր հանրության նշանակալի մասը, բնակվում է գյուղերում»,-ասել է նա:

Նա հարցրել է, թե արդյոք փոփոխություներ կլինեն, որի արդունքում վերջապես Հայաստանում կլինի գյուղատնտեսության նախարարություն, կամ կմիանա նախարարություններից բյուջեով ամենափոքրի հետ։

Կարապետյանը փաստել է, որ գյուղատնտեսության նախարարության ստեղծումը կծառայի գյուղատնտեսական հողի խոշորացման, կառավարմանը և այդ ոլորտում իրականացվող բարեփոխումներին։։

Ի պատասխան՝ փոխնախարար Առնակ Ավետիսյանը ներկայացրել է գործադիրի դիրքորոշումը՝ ընդգծելով, որ գյուղատնտեսությունը դիտարկվում է որպես տնտեսական գործունեության տեսակ, հետևաբար դրա զարգացման քաղաքականությունն էլ պետք է մշակվի այդ տրամաբանությամբ։

«Գյուղատնտեսական ոլորտի մասով կառավարության դիրքորոշումն այն է, որ այն որպես այդպիսին տնտեսական գրոծունեություն է և պետք է գնահատվի և քաղաքականությունը մշակվի, որպես տնտեսական գործունեություն»,- ասել է փոխնախարարը հավելելով, որ այդ մասով փոփոխությոններ չեն նախատեսվում։

Փոխնախարարի պատասխանից հետո Նարեկ Կարապետյանը կրկին քննադատել է կառավարության մոտեցումը:

«Կարծում եմ՝ այս մոտեցումն է պատճառը, որ մեր երկրում գյուղատնտեսությունը շեշտակի անկում է ապրում»,-ասել է նա:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը կառավարությանը հորդորել է հնարավորինս արագ վերականգնել գյուղատնտեսության նախարարությունը։ Նրա համոզմամբ՝ այդ որոշման դրական արդյունքները հնարավոր կլինի տեսնել մեկ-երկու տարվա ընթացքում, եթե գործող իշխանությունը շարունակի պաշտոնավարել։

«Ոռոգումը խնդիրներից մեկն է, մթերումը՝ մեկ այլ և չկա մարմին, որ այն համակարգի»,-ասել է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Արձագանքելով պատգամավորի մտահոգություններին՝ Առնակ Ավետիսյանը պարզաբանել է, որ հողային և ջրային ռեսուրսների համատեղ կառավարման միասնական քաղաքականության մշակմանն ուղղված փոփոխությունները կարող են էականորեն նպաստել գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության արդյունավետության բարձրացմանը։

Փոխնախարարը նաև ընդգծել է, որ գյուղատնտեսության զարգացումը շարունակում է մնալ կառավարության քաղաքական առաջնահերթություններից մեկը։