AM
27 Հոկտեմբեր 2026 - 14:33 AMT

Նիդերլանդները նոր ֆինանսավորում կհատկացնի ՀՀ-ին անհետ կորածների որոնման աշխատանքների համար

Նիդերլանդները կաջակցի անհետ կորածների որոնման ուղղությամբ տարվող աշխատանքներին և ֆինանասական աջակցություն կտրամադրի այդ աշխատանքների համար։ Այդ մասին Երևանում հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։

Նա դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Նա վերահաստատել է իր երկրի լիակատար աջակցությունը երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս արագ ստորագրմանը, հայտնում է Factor.am-ը:

«Շատ կարևոր է, որ այս գործընթացն ամփոփվի խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, և մենք աջակցում ենք ձեզ մինչև վերջ: Այս առումով նաև հայտարարում եմ նոր ֆինանսական աջակցության մասին Անհետ կորած անձանց միջազգային հանձնաժողովի միջոցով՝ անհետ կորած անձանց բացահայտելու, նրանց գտնելու և նույնականացնելու ուղղությամբ»,- ասել է Բերենդսենը:

Նա խոսել է նաև տնտեսական հարցերից, մասնավորապես՝ ծաղկաբուծության ոլորտի առաջ ծառացած դժվարություններին:

«Մարտահրավերներից մեկն արտահանման դիվերսիֆիկացիան է՝ Ռուսաստանից զատ այլընտրանքային շուկաներ գտնելը: Հոլանդական կողմը պատրաստ է աջակցել դրան: Նիդերլանդների Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում առնվազն մինչև 2028 թվականը՝ նպաստելով հայկական ապրանքների մուտքին եվրոպական շուկաներ»,- ընդգծել է նախարարը:

Թոմ Բերենդսենը ՀՀ այցից առաջ եղել է Բաքվում, փակ հանդիպում անցկացրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հանդիպել նախագահ Իլհամ Ալիևի հետ: