Վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պետական բյուջե է փոխանցվել մոտ 56 մլրդ դրամ շահաբաժին: Այդ մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ անդրադառնալով կոմբինատում պետական մասնակցության ֆինանսական արդյունքներին։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից վերջին տարիներին մենք ստացել ենք մոտ 56 մլրդ դրամ շահաբաժին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Ավետիսյանը միանգամայն բնական է համարել, որ պետությունը բաժնեմասեր ունի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, «Լիդիան» ընկերությունում, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերությունում։ Նրա գնահատմամբ՝ այդ ընկերություններում պետական մասնակցությունն ապահովել է զգալի ֆինանսական մուտքեր, որոնք ուղղվել են պետական բյուջե։
«Էն քաղաքական պատկերացումները, որոնցով առաջնորդվում է պարոն Ղազարյանը, թույլ են տալիս մտածելու, որ էդ տասնյակ միլիարդավոր դրամները պետք է հոսեին համապատասխան քրեաօլիգարխիկ շրջանակների գրպաններ, ոչ թե պետական բյուջե և մենք միայն հպարտանում ենք այդ մուտքերով և արդյունքներով»,-ասել է նա:





