Ազգային ժողովում TRIPP համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն անդրադարձել է փաստաթղթի ֆինանսատնտեսական հիմնավորումներին` նշելով, որ չկա ֆինանսական հաշվարկ ու գնահատական, չկա, թե որքան գումար է աշխատելու ՀՀ-ն:
«Պարոնայք, դուք մինչև 99 տարվա պարտավորություն եք առաջարկում ՀՀ-ին, բայց չեք ներկայացնում Հայաստանի համար նույնիսկ մեկ տարվա տնտեսական օգուտի հաշվարկը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:
Մանուկյանը նշել է, որ նախագիծը ներկայացրած արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանական հանձնաժողովում քննարկման ընթացքում չի կարողացել ներկայացնել TRIPP-ի տնտեսական արդյունավետության վերաբերյալ հաշվարկներ։
Նրա փոխանցմամբ՝ Ֆինանսների նախարարությունը նախագծի ամփոփաթերթում արձանագրել է միայն, որ պետական բյուջե մուտքեր են նախատեսվում, սակայն դրանց ֆինանսական ազդեցությունը գնահատել հնարավոր չէ։
Ընդդիմադիր պատգամավորը նաև ուշադրություն է հրավիրել Ազգային ժողովի աշխատակազմի դիտարկման վրա, ըստ որի՝ ներկայացված նախագիծը չի պարունակում ֆինանսատնտեսական հիմնավորումներ։
Մանուկյանի գնահատմամբ՝ եթե կառավարությունը հրապարակեր TRIPP-ի իրականացման համար նախատեսվող ծախսերի չափը, հնարավոր կլիներ հասկանալ նաև ծրագրի ենթակառուցվածքային ծավալները` ակնհայտ կլիներ, թե այն լինելու է միայն երկաթգի՞ծ, թե՞ շատ ավելի մեծ հաղորդակցման ուղի։
«Ակնհայտ է, որ դուք չգիտեք, թե ինչ է լինելու, քանի որ դրա ֆինանսական հաշվարկն ու գնահատականը չկա, ու նաև չկա, թե որքան գումար է աշխատելու ՀՀ-ն, այնինչ իմ համեստ հաշվարկներով տարեկան մի քան հարյուր հազար դոլար օգուտ կունենա, կամ չի ունենա։ Սա հիմնավորվում է նրանով, թե Բաքու-Կարս երկաթգծով որքան ապրանք է տեղափոխվում։ Էդ հեքիաթները, թե միլիոնները գալու են՝ չկա, այն կեղծ օրակարգ է»,-ասել է նա:
Մանուկյանը նշել է, որ այստեղ կան մասնավոր շահեր և հիշեցրել, որ երբ Ռուբեն Ռուբինյանի ընտրության օրը բարձրացրեց հարցեր գործարար Սոկոլովի մասին, շատերը մտածում եին թե վերացական հարցեր է բարձրացնում, բայց Deutsche Welle-ն և Reuters-ն անդրադարձել են իր ելույթին, նրանում բարձրացրած շահերի բախմանը, «Վիավա Արմենիայում» և «Թեղուտի» հանքերում ունեցած մասնաբաժինների մասին։
Նշելով, որ պայմանագրով ընկերությունն ազատվում է շահութահարկից՝ պատգամավորն այն աբսուրդ է համարել, քանի որ դեռ չգիտեն, թե ինչ շահույթ է ունենալու:
«Տպավորությունն այն է, որ դուք ասում եք՝ «հավատացեք մեզ,ամեն ինչ լավ է լինելու», չկա այդպիսի բան»,-ասել է նա։
Դիմոլով ՔՊ-ական Տարոն Չախոյանին՝ Մանուկյանն ասել է «Պարոն Չախոյան, իմ մոտ տպավորություն է, որ դուք գիտեք, թե մինչև հիմա ֆեյքերի ՊՈԱԿ-ում եք և չեք տեսնում, որ դուք եք խոսում։ Ասում եք նախկինների օրոք ջրամբար չի կառուցվել։ Միայն Ռոբերտ Քոչարյանի օրոք 46 ջրամբար է վերանորոգվել, իսկ Վեդիի ջրամբարի հետ ընդհանարպես ՔՊ-ն գործ չունի, քանի որ այն ընթացք են տվել նախկին իշխանությունները, դուք զոռով պոչն եք ավարտել։ Դուք խոսեք Կապսի ջրամբարից, երբ 100-ից ավելի մլն դոլար տվել են, բայց աշխատանքները չեն կատարվել, արդյունք չկա։ Մի բարի խորհուրդ՝ բոլորը գիտեն, որ այստեղ դուք եք՝ Ֆեյք չեք, որ խոսում եք, ձեզ պատասխան են տալու»։





