AM
27 Հոկտեմբեր 2026 - 18:31 AMT

«Հայաստան» դաշինքը դեմ է քվեարկելու TRIPP-ին

Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը դեմ է քվեարկելու TRIPP նախագծի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրին։

Ըստ նրա՝ փաստաթղթում «Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված, քան ՀՀ-ինը», հայտնում է «Ազատությունը»:

«Փաստացի համարվում է երկկողմ պայմանագիր: Երկու կողմերն էն ՀՀ-ն ու ԱՄՆ-ը: Բայց բովանդակության մեջ առկա է երրորդ կողմը, մասնավորապես, Ադրբեջանը: Ավելին՝ Ադրբեջանի շահերն ավելի ուղիղ են արտացոլված այս փաստաթղթում, քան կարող է լինել ՀՀ շահը:

Ի՞նչ է ստանում կողմերից մեկը. ԱՄՆ-ը ստանում է ուղիղ ներկայացվածություն տարածաշրջանում, այն լինելուն է Իրանի հետ սահմանին, կարևոր ստրատեգիական հատվածում: Ադրբեջանը ստանում է Նախիջևանի ու Ադրբեջանի միջև կապ, մի բան, որ եղել է Ադրբեջանի ու Թուրքիայի երազանքը, ռազմավարական նպատակ, դրա իրականացումն արտացոլվում է այս փաստաթղթում:

Ի՞նչ է ստանում ՀՀ-ն: Այդ հարցին, երբ փորձում է քաղաքական մեծամասնությունը պատասխանել, առաջին բառը լինում է ապաշրջափակում, հողի վրա որևէ կոմունիկացիա չի ապաշրջափակվում, որևէ սահման չի բացվում: Այսինքն առաջին պատասխանն արդեն իսկ սխալ է»,-ասել է Գրիգորյանը:

Խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը» ևս խիստ քննադատում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը, սակայն այս ուժից դեռ չեն հստակեցրել, թե ինչպես են քվեարկելու:

Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, իսկ հունիսի 4-ին՝ ստորագրվել։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Սյունիքի մարզով անցնող «Թրամփի ուղով» նախատեսվում է ապահովել Ադրբեջանի հիմնական տարածքից դեպի Նախիջևան անխոչընդոտ տարանցում՝ թվային գործիքների կիրառմամբ։

Միաժամանակ Հայաստանի և Միացյալ Նահանգների պաշտոնական ներկայացուցիչները վերահաստատել են, որ նախագծի իրականացման պայմաններում Հայաստանը պահպանելու է լիակատար իրավազորությունն իր ինքնիշխան տարածքի նկատմամբ։