ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակն ավելի է ծանրացել՝ արդեն մի քանի ամիս միայն պառկած լինելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Նա ներկայացրել է նախկին պաշտոնյայի առողջական խնդիրներն ու անհրաժեշտ բուժօգնության ապահովման հետ կապված դժվարությունները։
«Գագիկ Խաչատրյանը սեպտեմբերի 2-ից կալանքի տակ է ու այդ օրվանից առհասարակ պառկած է, քանի որ հիվանդությունները թույլ չեն տալիս ինքնուրույն տեղաշարժվել։ Դրա հետևանքով նրա մոտ առաջացել են պառկելախոցեր, թոքաբորբ։ Չեմ խոսում իր հիմնական հիվանդություններից առաջացող լուրջ խնդիրների մասին։ Մենք բազմիցս դիմել ենք, որ Գագիկ Խաչատրյանը հիվանդանոց տեղափոխվի, այնտեղ համապատասխան բուժում իրականացվի, բայց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ը մինչև հիմա չի տեղափոխել ԲԿ։ Ներսում էլ անհրաժեշտ բուժումները նույնպես չեն արվում»,-ասել է նա:
Սարգսյանը նաև հայտնել է, որ իրենց պարբերաբար տեղեկացրել են հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված բուժսարքավորումների տրամադրման մասին։ Սակայն, պաշտպանի պնդմամբ, Խաչատրյանի ֆիզիկական վիճակը թույլ չի տալիս ինքնուրույն օգտվել այդ միջոցներից։
Պաշտպանական կողմը ձգտում է հասնել նրան, որ նախկին պաշտոնյային թույլատրվի տեղափոխել բժշկական հաստատություն, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել անհրաժեշտ բուժումը։ Փաստաբանի գնահատմամբ՝ հիվանդանոցային պայմաններում բուժօգնությունը կարող է որոշ չափով բարելավել Խաչատրյանի վիճակը։
Համապատասխան դիմումներն արդեն ներկայացվել են, և պաշտպանները սպասում են դրանց պատասխաններին։
Անդրադառնալով Խաչատրյանի պահման պայմաններին՝ Սարգսյանը տեղեկացրել է, որ իրենց գրավոր դիմումների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած վարույթի արդյունքում որոշակի դրական փոփոխություններ են արձանագրվել։
«Իրենք ասում են, թե անվասայլակ են տրամադրել, բայց ոնց որ ասեն` կույրին արևային ակնոց ենք տալու։ Ի՞նչ է տալու դա, եթե ինքնուրույն չի կարող մարդն օգտվել դրանցից»,-ասել է նա:
Սարգսյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է հրաժարվել ձևական միջոցառումներից և ձեռնարկել կոնկրետ քայլեր, որոնք ուղղված կլինեն Խաչատրյանի առողջական վիճակի թեթևացմանն ու հնարավոր նոր բարդությունների կանխարգելմանը։
Պաշտպանը նաև պնդել է, որ նախկին պաշտոնյան փաստացի անհրաժեշտ բուժում չի ստանում։ Նրա խոսքով՝ նշանակվել է միայն խնամակալ, որի օգնությամբ որոշ չափով հնարավոր է դարձել թեթևացնել առօրյա դժվարությունները։
Հոկտեմբերի 28-ին ժամը 17։00-ին Հակակոռուպցիոն դատարանը քննարկելու է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը։
Սեպտեմբերի 1-ին տեղեկություն է հրապարակվել Գագիկ Խաչատրյանի ձերբակալության և ՀՀ քննչական կոմիտե տեղափոխվելու մասին։ Այդ ժամանակ նրա փաստաբանական թիմը տեսանյութեր է հրապարակել՝ հայտնելով, որ նախկին պաշտոնյայի բուժման նպատակով ներպետական իրավական հասանելի հնարավորությունները փաստացի սպառվել են, մինչդեռ նրա առողջական վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր։
Սեպտեմբերի 2-ին դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է երկամսյա կալանքը։





