AM
27 Հոկտեմբեր 2026 - 18:13 AMT

Սամվել Կարապետյան․ Փաշինյանը չի գնա արտահերթ ընտրությունների, եթե լինի՝ կմասնակցենք, կհաղթենք

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում անդրադաձել է արտահերթ ընտրությունների անցկացման և «Ուժեղ Հայաստանի» մասնակցության հնարավորության վերաբերյալ հարցերին:

«Կմասնակցենք, կհաղթենք։ Որ դնես գլխին, գնդակահարես, նա չի գնա արտահերթ ընտրությունների։ Նա 1 մլրդ դոլար ծախսելով՝ հազիվ կարողացավ 49 տոկոս ձայն հավաքել»,-ասել է Կարապետյանը, հայտնում է Panorama.am-ը:

Կարապետյանը կրկին անգամ համոզմունք է հայտնել, որ արտահերթ ընտրություններ չեն լինի, եթե լինեն էլ, իրենք կմասնակցեն։

«Մենք միայն ուրախ կլինենք, որ լինի։ Մենք ապահովելու ենք Փաշինյանի հեռացումը, շուտով կլինի»,-ասել է նա։

Կարապետյանը մտահոգություն է հայտնել, որ առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման TRIPP-ի վերաբերյալ պայմանավորվածության ամրագրումը կարող է Հայաստանի համար լուրջ ռիսկեր առաջացնել։

«Առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման, TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը կարող է շատ մեծ վտանգներ հասցնել Հայաստանին։ Կարող են, օրինակ, TRIPP-ը որպես միջանցք բացել և մեզ ցտեսություն ասել։ Նույն վտանգները կախված կմնան մեր երկրի գլխին»,-ասել է նա:

Լրագրողները հետաքրքրվել են նաև Ստեփանավանում իրենց թեկնածուի կալանավորումից հետո ՔԿ տարածած տեսանյութում երևացող կադրերով, արդյո՞ք կաշառք բաժանվել է ՏԻՄ ընտրությունների նախօրեին։

«Դե իհարկե, ոչ, եթե բաժանած լինեինք, ընտրակաշառք ստացողներին էլ կձերբակալեին, իրենք ձերբակալել են միայն թիմի անդամներին։ Ընտրական շտաբ է, տարբեր ծախսեր են արվում, մարդն իր գրպանից տվել է, բացի աշխատավարձերից կան նաև այլ ծախսեր՝ պետք է փակցվեն գովազդային ցուցանակներ, վերցնեն ավտոբուսներ ու գնան գյուղեր»,-ասել Կարապետյանը։

Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը չէր բացառել արտահերթ ընտրությունների հավանականությունը, եթե ընդդիմությանը չհաջողվի համոզել նոր Սահմանադրության հանրաքվեի հարցում: