ԱՄՆ դաշնային ներգաղթային ծառայությունները ստուգումներ և ձերբակալություններ են կատարել Գլենդելում, որոնք լուրջ անհանգստություն են առաջացրել տեղի հայկական համայնքի շրջանում։
Գլենդելի քաղաքապետ Արտաշես Քասախյանը հայտնել է, որ տեղյակ չեն, թե քանի հայ է ձերբակալվել, քանի որ դաշնային իշխանությունները քաղաքային կառույցներին համապատասխան տեղեկություններ չեն փոխանցում և այդ ուղղությամբ համագործակցություն չեն իրականացնում, հայտնում է NEWS.am-ը:
Նա պարզաբանել է, որ Գլենդելի քաղաքային կառույցները ներգրավված չեն դաշնային ներգաղթային մարմինների իրականացրած գործողություններում և չունեն դրանց ընթացքին միջամտելու իրավական լիազորություններ։ Քաղաքապետը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ձերբակալությունների են ենթարկվում ոչ միայն այլ կարգավիճակ ունեցող անձինք, այլև ապաստան ստանալու դիմում ներկայացրած կամ մշտական բնակության իրավունքի ձևակերպման գործընթացում գտնվող քաղաքացիներ։
«Մարդիկ, որոնք ականատես են լինում այդ գործողություններին, չեն կարող տարբերել, թե կոնկրետ ով է ձերբակալվում, և թափանցիկության պակասը մեծ անհանգստություն ու մտահոգություն է առաջացնում»,- ընդգծել է Քասախյանը։





