Հոկտեմբերի 26-ին Հռոմում ՀՀ, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները մասնակցել են «Կովկասը խաչմերուկում․ խաղաղություն, միջանցքներ և համագործակցության նոր դարաշրջան» խորագրով միջոցառմանը, որի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման հնարավորությունների, տարածաշրջանի երկրների միջև համագործակցության ընդլայնման, ինչպես նաև հաղորդակցային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները։
Քննարկմանը մասնակցել են իտալական տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների մոտ 150 ուսանողներ և գիտաշխատողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև վերլուծական ու փորձագիտական կենտրոնների ղեկավարներ և աշխատակիցներ, հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Իր ելույթում դեսպան Վլադիմիր Կարապետյանն անդրադարձել է Հայաստանի կառավարության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին ու նախաձեռնություններին՝ ընդգծելով երկխոսության, համագործակցության և փոխվստահության ամրապնդման կարևորությունը։
Դեսպանը նաև նշել է, որ ամռանը կայացած խորհրդարանական ընտրություններում ժողովրդի աջակցությունը ստանալուց հետո Հայաստանի իշխանություններն ավելի են ակտիվացրել ջանքերը՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ու պահպանման ուղղությամբ։ Նշվել է նաև, որ տարածաշրջանի բոլոր երկրների հետ ակտիվ երկխոսությունը, վստահության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններն ու կոնկրետ քայլերը միտված են ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը։
Դեսպան Կարապետյանը նաև հույս է հայտնել, որ տարածաշրջանի խաղաղ ապագայի ապահովման հարցում Հայաստանի իշխանությունների հանձնառությունը համահունչ է Հարավային Կովկասի մյուս երկրների ձգտումներին:
2025-ի օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը





