AM
28 Հոկտեմբեր 2026 - 11:48 AMT

«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում արձանագրել է 213 խախտում

«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացրել է հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական գնահատման արդյունքները։ Դիտորդական առաքելությունը բոլոր 21 համայնքներում իրականացրել է ինչպես երկարաժամկետ, այնպես էլ կարճաժամկետ մշտադիտարկում՝ հետևելով ընտրական գործընթացի տարբեր փուլերին։

«Անկախ դիտորդը» արձանագրվել է 213 խախտում:

Դիտարկումն իրականացվել է մոտ 200 շրջիկ դիտորդների, այդ թվում` 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։ Հանձնաժողովի առավոտյան նիստը դիտարկվել է 98 տեղամասում։ Բոլոր 517 տեղամասերից դիտորդները քվեարկության ընթացքում այցելել են 511-ը, իսկ ձայների հաշվարկը դիտարկվել է 87 տեղամասերում։

Երեկոյան ժամը 20:00-ից հետո դիտարկվել է համամասնական ընտրությունները սպասարկող բոլոր 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։

«Անկախ դիտորդը» ավելի վաղ անդրադարձել էր քարոզարշավի ընթացքում արձանագրված խնդիրներին և վարչական ռեսուրսների չարաշահմանը առանձին տեղեկանքով։

«Դիտարկված տեղամասերից 142-ում արձանագրվել է է թվով 213 խախտում, որոնք սակայն չեն ազդել արդյունքների վրա, իսկ քվեարկությունը արտացոլել է ընտրողների կամքը։ Անկախ դիտորդն իր ամբողջական առաջարկությունները կներկայացնի ՏԻՄ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընտրությունները դիտարկելուց հետո»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության 21 համայնքում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ըստ նախարարի ներկայացրած տվյալների՝ ընդհանուր առմամբ ընտրությանը մասնակցել է 188,514 քաղաքացի:

«Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է համայնքների մեծ մասում, բացի Ստեփանավանից, որտեղ ամենաշատ ձայները ստացել է «Գործարար» կուսակցությունը։