AM
29 Հոկտեմբեր 2026 - 10:58 AMT

Parz Blour Art Hotel & Residence․ Դիլիջանում կկառուցվի AC Hotels by Marriott-ի հյուրանոցային և բնակելի համալիր

Դիլիջանում 2026-ի հունվարին մեկնարկել է Parz Blour Art Hotel & Residence հյուրանոցային և բնակելի համալիրի շինարարությունը։ Նախագիծը նախատեսում է 250 մասնավոր ռեզիդենցիայի և 150 հյուրանոցային համարի կառուցում։ Համալիրի հյուրանոցային բրենդը կլինի AC Hotels by Marriott-ը․ Marriott-ի հետ համապատասխան պայմանագիրն արդեն ստորագրվել է։

AC Hotels by Marriott-ը Marriott International միջազգային հյուրանոցային խմբի ապրանքանիշերից է, որը կենտրոնանում է ժամանակակից դիզայնի, եվրոպական գեղագիտության և հարմարավետության համադրության վրա։ Բրենդի հյուրանոցներին բնորոշ է մինիմալիստական ճարտարապետություն, մտածված ինտերիեր և գործնական ու հանգստի ծառայությունների համադրություն։

Նախագիծն իրականացվում է Դիլիջանում՝ մոտ 5 հա տարածք զբաղեցնող բնական անտառային միջավայրում։ Համալիրի ճարտարապետական նախագիծը մշակել է KET Bureau-ն՝ շեշտադրելով լեռնային լանդշաֆտի հետ ներդաշնակությունը, բնական միջավայրի առանձնահատկությունների պահպանումը և շենքերի՝ տեղանքի ռելիեֆին համապատասխան ինտեգրումը։

Համալիրում ներառված են հյուրանոցային ծառայություններ, մասնավոր ռեզիդենցիաներ, ռեստորաններ, SPA կենտրոն, լողավազաններ, թենիսի կորտ, ինչպես նաև մշակութային և ժամանցային այլ տարածքներ։

Ռեզիդենցիաների սեփականատերերը կկարողանան դրանք օգտագործել անձնական հանգստի համար կամ հանձնել վարձակալության՝ մասնագիտական կառավարման միջոցով։

Նախագծի բնապահպանական մոտեցման համաձայն՝ կառուցապատումն իրականացվում է ծառերից ազատ հատվածներում՝ բնական միջավայրը պահպանելու սկզբունքով։ Կառուցման ընթացքում նախատեսվում է առաջնորդվել նաև BREEAM միջազգային բնապահպանական և կայուն շինարարության չափանիշներով։

BREEAM-ը (Building Research Establishment Environmental Assessment Method) շենքերի բնապահպանական արդյունավետության և կայունության գնահատման միջազգային համակարգ է, որը գնահատում է շինությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ հաշվի առնելով էներգաարդյունավետությունը, ջրային ռեսուրսների օգտագործումը, շինանյութերի ընտրությունը, թափոնների կառավարումը, աղտոտման նվազեցումը, ինչպես նաև շենքի ազդեցությունը բնական միջավայրի և մարդկանց առողջության վրա։ Դրա չափանիշներին համապատասխանելը ենթադրում է, որ նախագիծը գնահատվում է կայուն շինարարության մի շարք բնապահպանական և տեխնիկական չափորոշիչներով։

Շինարարության ավարտը նախատեսվում է 2028-ի օգոստոսին։

Դիլիջանում վերջին տարիներին ակտիվացել են հյուրանոցային, բնակելի և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերը։ Դրանցից մեկի հայտարարված ներդրումային ծավալը հասնում է 160 մլն դոլարի։ Քաղաքի զարգացման այս միտման համատեքստում իրականացվում է նաև Parz Blour Art Hotel & Residence նախագիծը։