Երևանի Աճառյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով 4 քաղաքացի է ձերբակալվել։ Դեպքի ընթացքում կիրառվել է օդաճնշիչ ատրճանակ։
Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 21։02-ից սկսած, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնը մի շարք ահազանգեր է ստացել Աճառյան փողոցում գործող ռեստորաններից մեկում տեղի ունեցող վիճաբանության վերաբերյալ, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել Քրեական ոստիկանության Երևանի քաղաքային վարչության, Համայնքային ոստիկանության Ավանի բաժնի ծառայողներ և Պարեկային ծառայության կարգախմբեր։
Պարզվել է, որ անձնական հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում գործադրվել է օդաճնշիչ ատրճանակ։
Ոստիկանները կանխել են զարգացումներն ու հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով չորս անձի ձերբակալել ու տեղափոխել են Համայնքային ոստիկանության Ավանի բաժին։
Հանգամանքները պարզվում են։ Կազմվում են փաստաթղթեր՝ նախաքննական մարմնին փոխանցելու համար։





