AM
29 Հոկտեմբեր 2026 - 17:24 AMT

Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ

Ազգային ժողովը 63 կողմ և 27 դեմ ձայների հարաբերակցությամբ Կարեն Առուստամյանին ընտրել է Հաշվեքննիչ պալատի անդամ։

Քվեարկության արդյունքները խորհրդարանի նիստում հրապարակել է Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Լիլիթ Մինասյանը։ Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ խորհրդարանի 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 90-ը։ Ննվավեր քվեաթերթիկ չի եղել, հայտնում է Factor.am-ը:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո նիստը նախագահողը հիշեցրել է, որ Հաշվեքննիչ պալատի անդամն իր պաշտոնն ստանձնում է ընտրվելուց անմիջապես հետո՝ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությամբ երդում տալով։

Կարեն Առուստամյանը մոտեցել է ամբիոնին և երդվել հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն ու օրենքներին, նպաստել հանրային հարստության կառավարման օրինականությանն ու արդյունավետությանը, իսկ իր լիազորությունները կատարել անկախ, անաչառ, առավելագույն բարեխղճությամբ և ջանասիրությամբ։

Երդման արարողությունից հետո նիստը նախագահողը շնորհավորել է Կարեն Առուստամյանին և նրան բարի ծառայություն մաղթեց։