ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սլովենիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Տոնե Կայզերին, քննարկել երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային համագործակցության հեռանկարները։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Եվրոպական միություն հարաբերությունների հետագա խորացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել նաև տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերին։ Այս համատեքստում, կարևորվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված նախագծերի իրականացումը և տրանսպորտային կապերի զարգացումը:
Նիկոլ Փաշինյանն ու Տոնե Կայզերն ընդգծել են երկու պետությունների միջև քաղաքական շփումներն առավել ակտիվացնելու և համագործակցության ոլորտներն ընդլայնելու կարևորությունը։ Այս համատեքստում նրանք անհրաժեշտ են համարել նաև բարձր մակարդակով փոխադարձ այցելությունների կազմակերպումը, որոնք կարող են նպաստել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը։
Առանձին ուշադրություն է հատկացվել տնտեսական փոխգործակցության հեռանկարներին։ Զրուցակիցները քննարկել են տեխնոլոգիական ոլորտում կապերի ընդլայնման, ներդրումային համագործակցության խթանման և տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները։





