AM
29 Հոկտեմբեր 2026 - 18:32 AMT

Արկադի Համբարձումյանի և 22 փոխկապակցված անձանց 84 անշարժ գույքի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի որպես «Դերժավայի Արկադի»՝ խմբ․)և նրա հետ փոխկապակցված 22 անձանց պատկանող գույքի ու գույքային իրավունքների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթների շրջանակում սահմանափակում է կիրառվել պարտապան Ա․Հ․-ին և նրա հետ 22 փոխկապակցված անձանց պատկանող 84 անշարժ, 59 շարժական գույքերի, 255 տրանսպորտային միջոցի, պարտապանի և վերջինիս հետ փոխկապակցված անձանց տարբեր ընկերություններում ունեցած ընդհանուր 875 բաժնետոմսի, 8 ընկերություններում 100% մասնակցությունների, 8 ընկերություններում ունեցած համապատասխանաբար 84.38%, 99.996%, 65%, 99․997%, 8․5%, 0․004%, 0․003% և 90% մասնակցությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների նկատմամբ ունեցած ընդհանուր 813,347,447 ՀՀ դրամ, 20,500 եվրո, 249,375 ԱՄՆ դոլար գումարների չափով դրամական պահանջի իրավունքի նկատմամբ։

Միաժամանակ պարտապանին և վերջինիս հետ փոխկապակցված անձանց արգելվել է վերը նշված գույքերի և գույքային իրավունքների տնօրինման հետ կապված որևիցե գործողության կատարումը։

Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։

Կատարողական գործողությունների շրջանակում բաժնի աշխատակիցների կողմից զննվել և պարտապան Ա․Հ․-ի հետ փոխկապակցված անձ՝ Փ.Խ.-ին է հանձնվել պահատվության պարտապան Ա.Հ.-ին պատկանող ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Նոյ թաղամասում գտնվող բնակելի տունը՝ արգելելով կատարել որևէ գործողություն անշարժ գույքի տնօրինման հետ։ Ա․Հ․-ի հետ փոխկապակցված իրավաբանական անձ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ՓԲԸ-ի անվամբ գրանցված ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Ծովակալ Իսակովի պողոտայում գտնվող առևտի սրահը, 7 անշարժ գույք, 213 տրանսպորտային միջոց ևս զննվել են և հանձնվել պահատվության՝ արգելելով պարտապանին կատարել որևէ գործողություն՝ կապված ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ։