«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զ. Սարգսյանը գլխավոր դատախազին ուղղված դիմումով պահանջել է համակողմանի ստուգել ՀԿԵ-ի գործունեությունը և քրեական վարույթ սկսել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությունը 2008–2026 թվականներին և առերևույթ հանցանքի հատկանիշների առկայության դեպքում նախաձեռնել քրեական վարույթ։
Դիմելու հիմքերից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականին ՀԿԵ-ում մոտ 60 միլիոն դոլարի չարաշահումների վերաբերյալ հրապարակային հայտարարությունն է։ Միաժամանակ պահանջել եմ ուսումնասիրել երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժման, բեռնափոխադրումների ծավալների և աշխատակիցների թվի կրճատման հանգամանքները։
Ակնկալում եմ, որ կուսումնասիրվեն հնարավոր խախտումները, կպարզվեն պետությանը պատճառված նյութական վնասի չափն ու պատասխանատու անձինք, իսկ վնասի հաստատման դեպքում կձեռնարկվեն դրա հատուցմանն ուղղված օրենքով նախատեսված միջոցները։
Հայաստանի երկաթուղին պարզապես բիզնես չէ․ այն մեր երկրի տնտեսական անվտանգության և տարանցիկ ներուժի կարևորագույն բաղադրիչներից է։ Պետական գույքի կառավարման ընթացքում հնարավոր չարաշահումները պետք է բացահայտվեն, իսկ պետությանը պատճառված վնասը՝ վերականգնվի»,-ասվում է գրառման մեջ:





