Իսրայելում կայացած խորհրդարանական ընտրություններում ձայների ամբողջական հաշվարկից հետո քաղաքական անորոշություն է ստեղծվել․ առաջատար դաշինքներից ոչ մեկը մեծամասնություն չի ստացել Քնեսեթում:
Առաջատարն է գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջ կենտրոնամետ «Լիկուդ» կուսակցությունը։, հայտնում է Deutsche Welle-ն:
Այդուհանդերձ, ո՛չ վարչապետի քաղաքական ուժին, ո՛չ էլ նրա հիմնական մրցակցին՝ Գադի Այզենկոտի գլխավորած կենտրոնամետ «Յաշար» կուսակցությանը, չի հաջողվել խորհրդարանում մեծամասնություն ձևավորել։
Քվեարկության արդյունքներով «Լիկուդը» ստացել է ընտրողների ձայների 20․51 տոկոսը, մինչդեռ «Յաշարը» հավաքել է 16․06 տոկոս։ Մանդատների նախնական բաշխման համաձայն՝ Նեթանյահուի կուսակցության գլխավորած քաղաքական դաշինքը կարող է ստանալ Քնեսեթի՝ Իսրայելի խորհրդարանի 53 պատգամավորական տեղ, իսկ Այզենկոտի առաջնորդած դաշինքը՝ 48։
Արաբական քաղաքական ուժերը՝ «Միացյալ ցուցակը» և ՌԱԱՄ-ն, միասին ապահովել են ռեկորդային 19 մանդատ։ Ստեղծված իրավիճակում խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար «Լիկուդը» և «Յաշարը» ստիպված կլինեն համագործակցել կա՛մ արաբական կուսակցությունների, կա՛մ միմյանց հետ։ Իսրայելի 120-տեղանոց խորհրդարանում մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է առնվազն 61 պատգամավորական մանդատ։
Չնայած քվեաթերթիկների հաշվարկն արդեն ավարտվել է, ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը նախատեսվում է նոյեմբերի 4-ից ոչ շուտ։ Այս մասին տեղեկացրել է The Times of Israel պարբերականը։
Ըստ The Jerusalem Post-ի՝ պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո Իսրայելի նախագահը, օրենքով սահմանված կարգի համաձայն, պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ և որոշի, թե կուսակցությունների առաջնորդներից ում է վստահվելու նոր կառավարության ձևավորման գործընթացը։
Եթե նախագահի ընտրած թեկնածուն չկարողանա ձևավորել կառավարություն, Իսրայելում կարող են նշանակվել Քնեսեթի արտահերթ ընտրություններ։ Հոկտեմբերի 28-ին երկրի նախագահ Իցհակ Հերցոգը կուսակցությունների առաջնորդներին հորդորել է պատասխանատվությամբ մոտենալ կոալիցիոն բանակցություններին՝ նոր ընտրությունների անհրաժեշտությունից խուսափելու նպատակով։
Միևնույն ժամանակ, ընտրությունների արդյունքների շուրջ քաղաքական հակասություններն արդեն սրվել են։ AFP գործակալության փոխանցմամբ՝ «Լիկուդ» կուսակցությունը հայտարարել է, թե ընտրությունները «գողացվել են»։
Ծայրահեղ աջ քաղաքական գործիչ Իտամար Բեն Գվիրը, իր հերթին, պահանջել է ձերբակալել արաբական կուսակցությունների ղեկավարներին՝ պատճառաբանելով, որ կասկածներ կան Քաթարից նրանց հնարավոր ֆինանսավորման վերաբերյալ։ Սակայն նման ֆինանսավորումը հաստատող որևէ հրապարակային ապացույց առայժմ չի ներկայացվել։
Այդուհանդերձ, Իսրայելի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հանձնարարել է հատուկ ծառայություններին ուսումնասիրել ընտրական գործընթացին օտարերկրյա հնարավոր միջամտության վերաբերյալ կասկածները։
Ընդդիմության առաջնորդ Գադի Այզենկոտն էլ հակադարձել է «Լիկուդին»՝ կուսակցությանը մեղադրելով ընտրությունների արդյունքները «ոչ լեգիտիմ ներկայացնելու» փորձի մեջ։
Այս ընտրություններն Իսրայելում առաջին խորհրդարանական քվեարկությունն են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ երկրի վրա իրականացրած հարձակումից հետո։ Ընտրական գործընթացը հասարակության զգալի հատվածի կողմից դիտարկվել է ոչ միայն որպես քաղաքական ուժերի միջև պայքար, այլև որպես Իսրայելի հետագա քաղաքական և հասարակական զարգացման ուղղությունը որոշելու հնարավորություն։
Իսրայելում ընտրելու իրավունք ունի մոտ 7․3 միլիոն քաղաքացի։ Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են կուսակցական ցուցակներով, իսկ ընտրական գործընթացին մասնակցելու համար գրանցվել է ավելի քան 30 քաղաքական ուժ։ Մասնակից կուսակցությունների ներկայացուցիչները պայքարել են Քնեսեթի 120 պատգամավորական տեղի համար։





