AM
29 Հոկտեմբեր 2026 - 18:12 AMT

Ալիևը չի մասնակցի Անկարայում կայանալիք Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայում անցկացվելիք Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին:

Նշվում է, որ որոշումը պայմանավորված է Բաքվում նախապես ծրագրված միջոցառումներին մասնակցելու անհրաժեշտությամբ և նախագահի աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, հայտնում է Minval․az-ը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ալիևին հրավիրել էր մասնակցելու Թյուրքական պետությունների կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին։

Սակայն ադրբեջանական կողմը տեղեկացրել է, որ Ալիևի աշխատանքային ժամանակացույցը թույլ չի տալիս ընդունել հրավերը։ Մասնավորապես, հոկտեմբերի 30-ին Բաքվում նախատեսված են ՖԻՖԱ-ի մինչև 15 տարեկանների աշխարհի առաջնության և փառատոնի եզրափակիչ հանդիպումը, ինչպես նաև պաշտոնական փակման արարողությունը։ Նշված միջոցառումներն առաջին անգամ են անցկացվում Ադրբեջանի մայրաքաղաքում։

Ադրբեջանը կներկայացնի երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Վերջին շրջանում որոշակի լարվածություն է առաջացել Ադրբեջանի և Թուրքիայի միջև, որի համար պատրվակ է դարձել հիջաբ կրելու արգելքն ադրբեջանական դպրոցներում: Այդ ֆոնին Թուրքիայի որոշ փորձագետներ, պաշտոնյաներ, այդ թվում Թուրքիայի նախագահի խորհրդականը, որին ավելի ուշ ազատել են պաշտոնից, Ալիևին անվանել բռնապետ և իսլամի թշնամի: