AM
Photo: Getty Images
28 Հոկտեմբեր 2026 - 12:25 AMT

Դեմոկրատները պահանջել են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովի դեմոկրատ անդամները հրապարակել են 53 էջից բաղկացած զեկույց, որում ներկայացվել են նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ հինգ կանանց առաջադրած բռնաբարության կամ սեռական բնույթի բռնության մեղադրանքները։

Ինչպես հաղորդել է Miami Herald-ը, հրապարակված փաստաթղթում տեղ է գտել առնվազն մեկ նոր մեղադրանք՝ ուղղված ԱՄՆ գործող նախագահին։ Մասնավորապես, նախկին «Միսս Շվեյցարիա» Բեատրիս Կոյլը պնդել է, որ 1993 թվականին Նյու Յորքի Plaza հյուրանոցում, գեղեցկության մրցույթի անցկացման ժամանակ, Դոնալդ Թրամփն իրեն բռնաբարել է։ Կնոջ պնդմամբ՝ ենթադրյալ հարձակումից հետո իր մարմնի վրա մնացել են կապտուկներ և արյունազեղումների հետքեր, գրում է Meduza-ն:

Ընդհանուր առմամբ, դեմոկրատների պատրաստած զեկույցում հիշատակվում է 11 կին: Նրանցից հինգը Թրամփին մեղադրել են բռնաբարության կամ սեռական բնույթի բռնության մեջ՝ այդ մասին պատմելով թերթերին տված հարցազրույցներում, ներկայացնելով դատական հայցեր կամ անմիջականորեն հաղորդելով Կոնգրեսի հանձնաժողովի ներկայացուցիչներին։

Եվս երեք կանայք Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին տեղեկություններ են փոխանցել Դոնալդ Թրամփի հետ իրենց հանդիպումների մասին, որոնց ընթացքում ներկա է եղել նաև Ջեֆրի Էփշտեյնը։

Մյուս երեք կանայք հրապարակային հայտարարություններով հանդես չեն եկել։ Նրանց վերաբերյալ տեղեկությունները զեկույցի հեղինակները ներառել են՝ հիմնվելով Էփշտեյնի քրեական գործի նյութերի վրա, այլ ոչ թե անմիջական վկայությունների։

Փաստաթղթում նկարագրված ենթադրյալ սեռական ոտնձգությունների և բռնության դեպքերի մեծ մասը, ըստ ներկայացված տեղեկությունների, տեղի է ունեցել 1990-ական թվականներին։

Miami Herald-ն ուշադրություն է հրավիրել նաև զեկույցի հրապարակման ժամանակահատվածի վրա։ Փաստաթուղթը հանրայնացվել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից ընդամենը 9 օր առաջ։

Զեկույցի հեղինակները կոչ են արել քրեական հետաքննություն նախաձեռնել Դոնալդ Թրամփի նկատմամբ՝ միաժամանակ պահանջելով նշանակել հատուկ դատախազ, որը կզբաղվի ներկայացված մեղադրանքների և դրանց առնչվող հանգամանքների ուսումնասիրությամբ։

Սպիտակ տունը, արձագանքելով հրապարակմանը, հայտարարել է, որ զեկույցը քաղաքական շարժառիթներ ունի։ Դոնալդ Թրամփը շարունակել է հերքել Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված հանցագործություններին իր որևէ մասնակցություն՝ ամբողջ սկանդալը բնութագրելով որպես «կեղծիք»։

Ավելի վաղ՝ հունվարին, ԱՄՆ արդարադատության նախարարությունը նույնպես մերժել էր Թրամփի դեմ հնչեցված մեղադրանքները՝ դրանք որակելով անհիմն և իրականությանը չհամապատասխանող։

«Հստակության համար նշենք՝ այս մեղադրանքներն անհիմն են և կեղծ։ Եթե դրանցում հավաստիության թեկուզ մի նշույլ լիներ, դրանք, անկասկած, արդեն օգտագործված կլինեին նախագահ Թրամփի դեմ», — ասվել է գերատեսչության հայտարարության մեջ։

Արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ համապատասխան փաստաթղթերը դեռևս 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ փոխանցվել են Հետաքննությունների դաշնային բյուրոյին՝ ուսումնասիրության նպատակով։