AM
26 Հոկտեմբեր 2026 - 15:26 AMT

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին

Հոկտեմբերի 25-ին Թբիլիսիում ընդդիմադիր քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նախաձեռնությամբ անցկացվել է բողոքի երթ՝ «Վրաստանն առանց Իվանիշվիլիի» կարգախոսով։ Ակցիան կազմակերպվել է այն ժամանակ, երբ երկրի Սահմանադրական դատարանը քննում է ընդդիմադիր կուսակցությունների գործունեությունն արգելելու վերաբերյալ հայցը։

«Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր միավորման առաջնորդ Նիկա Գվարամիան հանրահավաքի մեկնարկից առաջ հայտարարել է, որ այս հավաքով սկիզբ է դրվում բողոքի շարժման նոր ալիքին, գրում է Deutsche Welle-ն:

Ցուցարարները Թբիլիսիի պետական համալսարանի տարածքից շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա, մասնակցել են հազարավոր քաղաքացիներ, որոնք կրել են Վրաստանի, Ուկրաինայի և Եվրամիության դրոշները։ Հավաքի վայրում մեծ թվով իրավապահներ են տեղակայված եղել։

Գվարամիայի խոսքով՝ ընդդիմադիր շարժումը պետք է հասնի իր վճռորոշ փուլին՝ անկախ նրանից՝ դա տեղի կունենա նոյեմբերի 28-ին, երբ լրանում է Վրաստանում զանգվածային բողոքի ցույցերի մեկնարկի երկրորդ տարին, թե դրան հաջորդող օրերին։ Գվարամիան կարևորել է հատկապես նոյեմբերի 28-ին քաղաքացիների զանգվածային մասնակցությունը՝ ընդգծելով, որ բողոքի շարժումը պետք է բավականաչափ հզոր լինի, որպեսզի հնարավոր չլինի այն մարել։

Երթին մասնակցել է նաև «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ծերեթելին, որը, ըստ «Վրաստան Online» լրատվամիջոցի, տեղեկացրել է նոյեմբերի 28-ին նախատեսվող լայնածավալ և կարևոր բողոքի ակցիայի մասին։

Ծերեթելին մտահոգություն է հայտնել երկրում ժողովրդավարական գործընթացների վիճակի առնչությամբ։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանում ժողովրդավարական համակարգի թուլացումն ու քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումները չափազանց մտահոգիչ են, հատկապես այն հանգամանքը հաշվի առնելով, որ երկիրը նախկինում համարվել է եվրոպական ինտեգրման գործընթացի առաջատարներից մեկը, մինչդեռ այժմ հայտնվել է հետնապահների շարքում։

Ընդդիմադիր գործիչը նաև քննադատել է քաղաքական կուսակցությունների գործունեությունն արգելելու նախաձեռնությունները՝ դրանք դիտարկելով որպես քաղաքական կյանքի սահմանափակում։ Նա ուշադրություն է հրավիրել նաև երկրում քաղաքական բանտարկյալների խնդրի վրա՝ այն համարելով Վրաստանի առջև ծառացած լուրջ մարտահրավերներից մեկը։

Վրաստանում զանգվածային հակակառավարական բողոքի շարժումը սկիզբ է առել 2024 թվականի գարնանը՝ այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման շուրջ առաջացած դժգոհությունների հետևանքով։

Հետագայում բողոքի տրամադրություններն ավելի են ուժեղացել խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակից հետո։ Նույն թվականի նոյեմբերին քաղաքական լարվածությունը վերաճել է լայնածավալ ճգնաժամի, երբ Վրաստանի իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2028 թվականը հետաձգել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկը։

Այդ որոշմանը հաջորդած բողոքի ցույցերն ուղեկցվել են ցուցարարների և ոստիկանության միջև բախումներով։ Իրավապահները բազմիցս ուժ են կիրառել հավաքների մասնակիցների նկատմամբ՝ ցույցերը ցրելու նպատակով օգտագործելով արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։