AM
30 Հոկտեմբեր 2026 - 14:56 AMT

Կարապետյան․ Առցանց տաքսիների վարորդներից շատ են բողոքները, որ սակագների բարձրացում է լինում

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում անդրադարձել է առցանց տաքսի ծառայությունների ոլորտում առկա խնդիրներին։ Հարցը բարձրացվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջադրած Շուշան Սարգսյանի թեկնածության քննարկման ընթացքում։

«Օն-լայն տաքսի ծառայությունների վարորդներից շատ են բողոքները, որ սակագների բարձրացում է լինում»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պատգամավորի գնահատմամբ՝ տվյալ շուկայում ձևավորվել է մենաշնորհային դիրք, մինչդեռ ոլորտում բացակայում են սակագները զսպելու և համապատասխան կարգավորումներ իրականացնելու արդյունավետ մեխանիզմները։

«Ի՞նչ առաջարկ եք անելու Ազգային ժողովին այս մարդկանց իրավունքները պաշտպանելու համար»,-ասել է նա:

Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը նշել է, որ ինքն էլ անհրաժեշտ է համարում համապատասխան կարգավորման մեխանիզմների ներդրումը։ Նա կարծիք է հայտնել, որ առաջիկայում այդ ուղղությամբ որոշակի աշխատանքներ կիրականացվեն։

Նարեկ Կարապետյանն իր հերթին ընդգծել է, որ առցանց տաքսի ծառայությունների վարորդների խնդիրների կարգավորումն առաջնահերթ լուծում պահանջող հարցերից է՝ հավելելով, որ կարող են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ՝ ինչպես լուծել օն-լայն տաքսիների վարորդների համար արժանապատիվ եկամտի հարցը։