AM
30 Հոկտեմբեր 2026 - 18:01 AMT

Բելառուսն արգելել է կոնյակի ներմուծումը ՀՀ-ից և Վրաստանից

Բելառուսի իշխանությունները որոշում են ընդունել սահմանափակելու Հայաստանից և Վրաստանից ներկրվող երկու տեսակի կոնյակների վաճառքը։ Ինչպես տեղեկացրել է երկրի Պետական ստանդարտացման կոմիտեն՝ Գոսստանդարտը, համապատասխան որոշման հիմքում ընկած են արտադրանքի բաղադրության վերաբերյալ անցկացված ստուգումների արդյունքները։

Արգելքը տարածվել է հայկական արտադրության յոթ տարվա հնեցման «Արամե» և վրացական արտադրության ութ տարվա հնեցման «Շիոյի մառան» կոնյակների վրա, հայտնում է News.mail.ru-n;

Վերահսկող մարմնի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ նշված ալկոհոլային խմիչքներում հայտնաբերվել է դաբաղանյութերի զանգվածային կոնցենտրացիայի սահմանված ցուցանիշից ցածր մակարդակ։

Գոսստանդարտի գնահատմամբ՝ արձանագրված անհամապատասխանությունը վկայում է, որ տվյալ արտադրատեսակներին հաղորդվել են կոնյակին բնորոշ արտաքին տեսք և առանձին հատկություններ, սակայն դրանց բաղադրությունը չի համապատասխանել պահանջվող ցուցանիշներին։

Այս հանգամանքը հիմք է դարձել հայկական և վրացական նշված ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը Բելառուսի տարածքում արգելելու համար։

Որոշման համաձայն՝ երկու արտադրատեսակների նկատմամբ սահմանված սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հոկտեմբերի 31-ից։

Բելառուսի Պետական ստանդարտացման կոմիտեն համապատասխան տեղեկություններ է հրապարակել նաև իր պաշտոնական հարթակում՝ ներկայացնելով արգելքի տակ հայտնված ապրանքները։

Բացի այդ, Գոսստանդարտը որոշում է կայացրել արգելելու ռուսական «Պոբեդա» շոկոլադի իրացումը երկրի տարածքում։