AM
30 Հոկտեմբեր 2026 - 18:20 AMT

«Նովայա գազետան» դադարեցնում է աշխատանքը 33 տարվա գործունեությունից հետո

Ռուսաստանի անկախ լրատվամիջոցներից մեկը՝ «Նովայա գազետան» դադարեցնում է աշխատանքը 33 տարվա գործունեությունից հետո: Այդ մասին ասվում է հոկտեմբերի 30-ինլրատվամիջոցի պաշտոնական կայքում հրապարակված խմբագրականում:

Որպես պատճառ նշվել է Ռուսաստանի իշխանությունների և հատուկ ծառայությունների գործողությունները, հայտնում է Deutsche Welle-ն:

Լրագրողները հայտնել են, որ նոյեմբերի 9-ին վերջնականապես կլքեն իրենց աշխատանքային տարածքը, կանջատեն սերվերները և կավարտեն պարբերականի գործունեությունը։

«Մեզ սպանեցին։ Նոյեմբերի 9-ին մենք կանջատենք լույսը մեր տան, որտեղ ապրել ենք 30 տարի, կանջատենք սերվերներն ու կհեռանանք։ Թերթն այլևս գոյություն չունի»,- ասված է խմբագրության հայտարարության մեջ։

Լրատվամիջոցի աշխատակիցներն ընդգծել են, որ ավելի քան երեք տասնամյակ իրենց գործունեությունը կապված է եղել Ռուսաստանի և նրա քաղաքացիների կյանքի հետ, սակայն այժմ հայտնվել են գոյատևման լուրջ դժվարությունների առաջ։

«Երկրի և նրա քաղաքացիների հետ համատեղ կյանքի ավելի քան երեսուն տարին մեզ համար կավարտվի փողոցում՝ առանց ապրուստի միջոցների, բռնաճնշումների մշտական սպառնալիքի ներքո»,- նշել են լրագրողները։

Խմբագրության հաղորդմամբ՝ իրենց պարտադրում են ազատել Մոսկվայի կենտրոնում՝ Պոտապովսկի նրբանցքում գտնվող գրասենյակը, որտեղ աշխատել են մոտ 29 տարի։

Տարածքն ազատելու պահանջի մասին ծանուցմանը զուգահեռ դադարեցվել է նաև ընթերցողների նվիրատվությունների ընդունման համակարգի գործունեությունը։ Այդ հարթակը լրատվամիջոցին հնարավորություն էր տալիս ֆինանսական աջակցություն ստանալ իր լսարանից։

Բացի այդ, Ռուսաստանի իշխանություններն արգելափակել են պարբերականի բոլոր ինտերնետային ռեսուրսները՝ սահմանափակելով դրա գործունեությունը թվային միջավայրում։

Խմբագրությունն անդրադարձել է նաև նախորդ տարիներին իր նկատմամբ կիրառված սահմանափակումներին։ Մասնավորապես, պետությունը պարբերականից վերցրել է տպարանը, իսկ այլ տպարաններում աշխատող հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն ու գրաքննիչները խոչընդոտել են թերթի տպագրությանը։

«Պետությունը մեզանից խլեց մեր տպարանը, իսկ այլ տպարաններում տեղավորված հատուկ ծառայությունների սպաներն ու գրաքննիչները հրաժարվում էին տպագրել մեր թերթը։ Մեր աշխատակիցներից շատերը ստիպված եղան հեռանալ երկրից»,- նշել է խմբագրությունը։

Լրատվամիջոցը հիշեցրել է նաև զանգվածային լրատվության միջոցի պետական գրանցումից զրկվելու մասին, որի հետևանքով սահմանափակվել են սեփական աշխատանքով եկամուտ ստանալու հնարավորությունները։

«Այնուհետև պետությունը մեզ զրկեց լրատվամիջոցի գրանցումից՝ խլելով մեր աշխատանքով ապրուստ վաստակելու իրավունքը»,- հավելել են խմբագրությունում։

Հայտարարության մեջ լրագրողները հիշատակել են նաև գլխավոր խմբագիր, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Դմիտրի Մուրատովի նկատմամբ իրականացված հարձակումը։

Նրանք անդրադարձել են ավելի քան հարյուր լրագրողների և հեղինակների՝ «օտարերկրյա գործակալ» ճանաչվելուն, հարուցված վարչական գործերին, ինչպես նաև Չեչնիայում պարբերականի մեկնաբան Ելենա Միլաշինայի նկատմամբ կիրառված բռնությանը։

Խմբագրությունը հիշեցրել է նաև աշխատակիցների նկատմամբ իրականացված խուզարկությունների և գլխավոր խմբագիրներից Օլեգ Ռոլդուգինի դատական հետապնդման մասին։

«Գրեթե հինգ տարվա պատերազմի ընթացքում մեզ հաջողվեց աշխատել հատուկ ծառայությունների խիտ շրջափակման պայմաններում։ Իսկ հիմա՝ վերջ։ Մենք հայտնվել ենք «սպանության գոտում»»,- գրել են պարբերականի աշխատակիցները։

Գործունեության դադարեցման հետևանքով փակվելու է նաև լրագրող Աննա Պոլիտկովսկայայի հիշատակին նվիրված թանգարանը, որը գործել է խմբագրության տարածքում։

Թանգարանը բացվել է 2021 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Պոլիտկովսկայայի սպանության 15-րդ տարելիցի օրը։ Այն տեղակայված է եղել լրագրողի նախկին աշխատասենյակում։

«Նովայա գազետան» հիմնադրվել է 1993 թվականի ապրիլին և ավելի քան երեք տասնամյակ գործել որպես Ռուսաստանի անկախ լրատվամիջոցներից մեկը։

Պարբերականի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «մտքի ազատությունը որպես ժողովրդավարության և խաղաղության անհրաժեշտ պայման պահպանելու ջանքերի համար»։