AM
30 Հոկտեմբեր 2026 - 18:31 AMT

Արծվիկ Մինասյան․ Ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ կուսակցական պատկանելիությունը

«Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունների կողմից Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնի համար որպես համաձայնեցված միասնական թեկնածու առաջադրված ՀՅԴ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ ընտրվելու դեպքում դադարեցնելու է կուսակցական պատկանելիությունը:

«Օրենքով նախատեսված պահանջ է ապաքաղաքական գործունեությունը, կուսակցական պատկանելիության դադարեցումը։ Այո, ընտրվելու դեպքում դադարեցնելու եմ այդ ամենը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Քննարկման ընթացքում նրան հարց է ուղղել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վոլոդյա Հակոբյանը․ «Ինչո՞ւ եք պատրաստվում այսքան տարի Դաշնակացական լինելով հանդերձ դադարեցնեք կուսակցական պատկանելիությունը, արդյո՞ք այսքան թանկ է այդ պաշտոնը ձեզ համար, քան կուսակցությունը»։

Պատասխանելով պատգամավորին՝ Մինասյանը նշել է, որ ճիշտ չի համարում պաշտոնն ու կուսակցական պատկանելիությունը համեմատել թանկ կամ էժան լինելու տեսանկյունից։

«Թանկ և էժան։ Չգիտեմ՝ դուք ինչից ելնելով եք պաշտոնն ու կարգավիճակը փորձում ինչ-որ նժարի վրա դնել ու ասել՝ թանկ կամ էժան։ Ուսանող տարիներից հետո զբաղեցրել եմ հանրային ծառայության աշխատանք, իմ կենսագրության մեջ հանրային ծառայությունը եղել է կենտրոնական տեղում։

Իմ էությամբ եմ ես Դաշնակացական, իմ համոզմունքով եմ Դաշնակցական, որևէ պաշտոն չի կարող փոխել մարդու էությանը, բայց երբ որ կա Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված լիազորություններ, որոնք պետք է իրականացնել, պետք է իրականացնել անկախ քո կուսակցական պատկանելիությունից։

Ես այն հիմնարար արժեքի կողմնակից եմ, որ եթե օրենքով նախատեսված պարտականություն և լիազորություն կա, ապա պարտավոր ես դա անել հավուր պատշաճի։ Իմ ոչ անցած ուղին, ոչ մի նախորդ գործունեությունը թույլ չեն տվել որևէ նման բան ինձ վերագրել»,-ասել է նա: