AM
30 Հոկտեմբեր 2026 - 16:58 AMT

Գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին

Գլխավոր դատախազությունը ստացել է Աննա Վարդապետյանին հասցեագրված «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը և ընթացք է տվել դրան։ Այս մասին հայտնեցին գերատեսչությունից, տեղեկացնում է Factor.am-ը:

Սարգսյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ պահանջելով ուսումնասիրել «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը, հնարավոր չարաշահումները, երկաթուղային ենթակառուցվածքների ապամոնտաժումն ու պետությանը հնարավոր պատճառված վնասը և առերևույթ հանցանքի դեպքում քրեական վարույթ նախաձեռնել։

«2018 թվականի սեպտեմբերի 10-ին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ-ի գործունեությանը, հայտարարել է, որ ընկերությունում չարաշահումները կազմել են մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարչապետի խոսքով՝ քննչական մարմինն իրականացնում էր քննություն, և մոտ ապագայում պետք է հրապարակվեր պաշտոնական տեղեկություն։ Նա ընդգծել է. «Այն, ինչ ասում եմ, կարող եք պաշտոնական տեղեկություն համարել»։ Հաշվի առնելով վարչապետի վերոնշյալ հայտարարության բնույթն ու դրանում նշված գումարի չափը՝ անհրաժեշտ եմ համարում պարզել, թե ինչ ընթացք են ստացել այդ ժամանակ իրականացվող քննությունը կամ ուսումնասիրությունները, ինչ արդյունքներ են արձանագրվել, և արդյոք պետությանը պատճառված հնարավոր վնասը վերականգնվել է»,- նշվում է Արամ Սարգսյանի դիմումում։

2018-ին նախաձեռնված քրեական գործը 2021 թվականի մարտին կարճվել է։ Միևնույն ժամանակ, վարչապետի մատնանշած ենթադրյալ չարաշահումների հետևանքով պետությանը հնարավոր պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի հրապարակվել։