«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացին՝ քննադատելով պաշտոնական Բաքվի առաջադրած լրացուցիչ պահանջները։
Ըստ նրա՝ Ադրբեջանը հասկացել է՝ «ինչքան ձգձգի խաղաղության պայմանագիրը, այնքան շատ կվերցնի մեզանից», հայտնում է Panorama.am-ը:
«Սահմանադրական փոփոխությունների հետ կապված խաղաղության պայմանագրում որևէ պայման չկա։ Ադրբեջանը նախաստորագրված պայմանագրի մասին հավելյալ պահանջ է առաջացնում»,-ասել է նա:
Նա նշել է, որ Ադրբեջանը հատուկ քաղաքական ոճ ունի՝ մաս-մաս, քիչ-քիչ է վերցնում:
«Սկզբում մի խնդիրն են լուծում, հետո անցնում են մյուսին։ Այդ պատճառով մեր երկիրը կանգնած է վտանգի առջև, որ վերջին 5 տարին մենք զիջում ենք»,-ասել է նա։
Ընդդիմադիր գործիչն ընդգծել է, որ Հայաստանի ներքին իրավական և սահմանադրական հարցերը չեն կարող որոշվել հարևան պետության ղեկավարի պահանջներով։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պատկերացումները չեն կարող պարտադրվել Հայաստանի պետական համակարգին։
«Ալիևյան սահմանադրությունը չի կարող Հայաստանում անցնել: Չի կարող հարևան երկրի ղեկավարը որոշի մեր սահմանադրությունը։ Մենք խոսում ենք պետականության, երկրի մասին, մենք իրենց համար խաղալիք չենք:
Մեր խաղաղության երաշխավորն Ադրբեջանը չէ, մեր խաղաղության երաշխավորը տարածաշրջանային հավասարակշռությունն է։ Աշխարհի օրենքն է դա։
Այս տարածաշրջանում, վստահ եմ, Հայաստանի տարածքային ամբողջականությամբ շահագրգռված են Իրանը, Վրաստանը, Ռուսաստանը, Եվրոպան, Արևելքն ու Արևմուտքը։ Երկու երկիր շահագրգռված չեն, ինչպե՞ս կարող են այդ երկու երկիրը լինեն մեր երաշխավորը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։





